Ըստ էության, դա էական չէ: Կարեւորն այն է, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում հիշում են տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահին, հարգում նրա հիշատակը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, հետաքրքրում էր միջոցառումը լուսաբանելիս ճշմարիտ տեղեկատվություն տարածելու առումով:
ՄՀՀ-ում «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի ընկերական հանդիպմանը նախորդած հեռուստատեսային գովազդային հայտարարություններում ասվում էր, որ միջոցառումն անցկացվում է ՀԱՕԿ-ի հովանու ներքո` Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ: Սպորտի պետական կառույցն այս ամբողջ ընթացքում, որքան տեղյակ ենք, լռել է: Սակայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության խողովակներով տարածված մամլո հաղորդագրությունից ենթադրվում էր, որ միջոցառումը հայաստանյան կողմից իրականացնում են ՀՀ նախագահի աշխատակազմը, կառավարությունը, նախարարությունը եւ վերջում միայն` ՀԱՕԿ-ը:
Նման դեպքերում, առավել եւս, որ քո երկիր ժամանում են համաշխարհային սպորտի լեգենդները (իսկ նման բաներ ամեն տեղ եւ ամեն անգամ չեն լինում), արարողակարգային կանոնները պահպանվում են` հանդիպումներ, հյուրընկալություններ ու այցելություններ, այդ թվում` պետական պաշտոնական ատյանների մակարդակով: Սակայն միջոցառման նախապատրաստության ու անցկացման ընթացքը հուշում է, որ, այնուամենայնիվ, հայաստանյան կողմից հիմնական կազմակերպիչը ՀԱՕԿ-ն էր: Մեր տեղեկություններով, Ռուսաստանի դեսպանատան, ռուսական պատվիրակությունների հետ բանակցել եւ համագործակցել է գերազանցապես օլիմպիական կոմիտեն, ՄՀՀ-ն ՀԱՕԿ-ն է վարձակալել, լրագրողներին էլ բեյջերը տպագրել ու բաժանել է նույն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Իսկ երբ «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի հանդիպումից առաջ տափօղակի խորհրդանշական նետումն էլ վստահվեց Գագիկ Ծառուկյանին, հարցի պատասխանը վերջնականապես պարզ դարձավ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ