Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվեր»՝ ՀՀ Անկախությանը

Սեպտեմբեր 21,2013 13:30

Ռուս-հայկական GeoProMining  կազմակերպությունը  ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի եւ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա առիթներով մշակութային նվեր է անում. նրա հովանավորությամբ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, 13 միջազգային մրցույթների դափնեկիր, BBC-ի եւ Yamaha-ի արտիստ Էդուարդ Կունցը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Առավոտի» հետ զրույցում ռուս դաշնակահար Էդուարդ Կունցը հայտնեց, որ իր համար պատիվ է Հայաստանում հանդես գալ թե խաչատրյանական տարվա  եւ թե Հայաստանի Անկախության առիթով, այն էլ Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ:  Առաջին անգամ  Հայաստան ժամանած արվեստագետը մրցույթների եւ բազմաթիվ հյուրախաղերի ժամանակ, իր փոխանցմամբ՝ ձեռք է բերել հայազգի  ընկերներ, իսկ Կունցը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Լիվերպուլի թագավորական, BBC-ի,  շոտլանդական  սիմֆոնիկ  ու հանրահայտ այլ կոլեկտիվների ընկերակցությամբ: Հայաստանի նվագախմբի մասին էլ մշտապես լսել է դրական կարծիքներ: Հարցրինք, թե մրցույթներին մասնակցելու շնորհի՞վ է ձեռք բերել ճանաչում, ինչպես նաեւ հրավերներ հանրահայտ նվագախմբերի կողմից: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Երաժշտի համար, ընդհանրապես, մի շարք մրցույթների մասնակցությունն է նաեւ, որ բերում է որակ: Իմ կարծիքով, երկու մրցույթ է միայն՝ Չայկովսկու եւ Կլայբերնի անվան, որոնք մասնակիցներին  հնարավորություն են ընձեռում մենեջերներ գտնել…… Մեր օրերում ճանաչում ձեռք բերելը մշակույթի ցանկացած ոլորտում դարձել է դժվար «գործընթաց»: Չգիտես ինչու, դրա հետեւից են վազում երիտասարդ շատ արվեստագետներ, այդ թվում՝ նաեւ տաղանդավոր, մինչդեռ պետք է պարզապես երաժշտությամբ զբաղվել եւ վերջ»: Հետաքրքրությանը, թե ինչու է ապրում եւ ստեղծագործում Անգլիայում, Էդուարդն ասաց, որ 2002 թվականից ուսումն ու ստեղծագործական կյանքն են իրեն տարել Լոնդոն, իսկ վերջին 2 տարում էլ ընտանեկան հանգամանքների բերումով (կինը ռումինուհի է, մասնագիտությամբ դաշնակահար եւ կինոռեժիսոր) «հանգրվանել» է Բուխարեստում: Ռեպլիկին, թե այդ ամենը, իհարկե, անկախության շնորհիվ, դաշնակահարն ասաց. «Արվեստագետի համար անկախությունն անհրաժեշտություն է: Սակայն ԽՍՀՄ երկրներում մինչ օրս չի գործում մի ինստիտուտ, որը երիտասարդ ստեղծագործողին հնարավորություն կտա, ասենք, բեմ բարձրանալու, հյուրախաղերի մեկնելու… Քիչ են կրթաթոշակներն ու երիտասարդներին ոգեւորող, խրախուսող միջոցները, ինչի արդյունքում Արեւմուտքը երազանք է դարձել այդ երկրների տաղանդավոր արվեստագետների համար»:

Դաշնակահարից հետաքրքրվեցինք, թե Արեւմուտքի իր շատ գործընկերների  օրինակով ի՞նչ բիզնես կուզեր հիմնել: Առանց երկար-բարակ մտածելու ու մանրամասնելու՝ Էդուարդ Կունցի պատասխանը եղավ՝ ռեստորան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ ունկնդիրը կուշտ է նման նվերներից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30