«Բաց նամակ» ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին,
ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին,
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
Մեծարգո պարոնայք
Կարդացեք նաև
Երկրից մարդկային ռեսուրսների եւ ուղեղների արտահոսքն արդեն լուրջ սպառնալիք է դառնում ՀՀ անվտանգությանը: Մեկնողների թիվը օր օրի աճում է թվաբանական պրոգրեսիայով: Ամեն մի ընտանիք փոքրիկ Հայաստան է, իսկ նման Հայաստանների կորուստն արդեն իրեն զգացնել է տալիս: Դատարկվում, քայքայվում են հատկապես սահմանամերձ բնակավայրերը: Ամեն բնակավայր յուրօրինակ մարդկային համակեցություն է, որը ձեւավորվում է հարյուրամյակների ընթացքում ու համամարդկային արժեք է: Շարունակել ձեւացնել, թե չենք տեսնում այդ կորուստը, կամ թե լուրջ վտանգ չկա դրանում, անմտություն է:
Կարեւոր խնդիր է մնում նաեւ ազատագրված տարածքների վերաբնակեցումը:
Երկրում չարիք դարձած կոռուպցիան, համատարած բարոյալքումը, անպատասխանատվությունն ու անարդարությունն ավելի են նպաստում մարդկային ռեսուրսների, ուղեղների արտահոսքին:
Սակայն դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, ու կարելի է փրկել իրավիճակը: Եթե գյուղական ենթաշրջաններում, ասենք՝ ամեն 4-5 գյուղերի միջավայրում ստեղծվեն գյուղատնտեսական մթերք` կաթ, միս, միրգ, հատապտուղ ու բանջարեղեն ընդունող եւ վերամշակող փոքր արտադրական ճկուն համակարգեր, ապա այդ բնակավայրերի մարդիկ ոչ միայն աշխատանք կունենան, այլեւ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության կտրուկ վերելքի համար: Կհիմնվեն նոր ֆերմաներ, հողագործական կոոպերատիվներ, որի արդյունքում ոչ միայն կդադարի արտահոսքը, այլեւ երկիրը կլցվի բարիքով: Մնում է` Ազգային ժողովը կոռուպցիան բացառող այլ համապատասխան օրենքներ մշակի եւ ընդունի:
Հարգելի նախագահ, վարչապետ եւ ԱԺ նախագահ. «Շուշի» բարեգործական հիմնադրամը, ելնելով երկրում ստեղծված աղետալի կացությունից, ստեղծում է հատուկ հիմնադրամ («Յունիբանկ» հ/հ 241002041929), որը կոչված է զբաղվելու այս խնդրով: Հուսով եմ, որ Ձեր անմիջական նպաստն ու մասնակցությունը կունենաք այս նախաձեռնությանը:
«Շուշի» բարեգործական հիմնադրամը հուսով է, որ ՀՀ, ԼՂՀ եւ արտերկրի մեծահարուստ գործարարներն իրենց անմիջական ներդրումները կունենան մեր առաջարկած ծրագրում: Նրանք կարող են ըստ մեր առաջարկած ծրագրի համայնքների հետ ընդհանուր սեփականությամբ արտադրություններ ստեղծել, այդպես եւս մասնակից լինել հայրենիքը օրհասական վիճակից փրկելու գործին: Ծրագրի իրականացման ընթացքը պարբերաբար կհրապարակվի www.shoushi.am կայքում: Միեւնույն ժամանակ հիմնադրամը հայտնում է, որ առավել խոշոր չափով ներդրող անձինք կարող են անդամագրվել Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին` անձամբ հսկելու ծրագրի իրականացմանը:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Շուշի» ԲՀ նախագահ
Արձակագիր, հրապարակախոս
«Առավոտ» օրաթերթ