Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայի՞ն, թե՞ քաղաքականացված նախաձեռնություն

Սեպտեմբեր 21,2013 14:01

Սեպտեմբերի 4-5-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպական Հայկական Միությունների ֆորումի (ԵՀՄՖ) 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի առնչությամբ մամուլում հայտնվեց խիստ իրարամերժ տեղեկատվություն, մասնավորապես, ելույթների, բանաձեւի ընդունման հետ կապված:

Համագումարին մասնակցել եւ Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին առնչվող զեկույցով ելույթ է ունեցել նաեւ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, որն էլ մեր խնդրանքով ներկայացնում է իր տպավորությունները:

-ԵՀՄՖ-ի աշխատանքներին մասնակցում էին 23 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ճանաչված իրավագետներ եւ միջազգային կառույցներում պատասխանատու դիրք ունեցող պետական գործիչներ, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի պատասխանատու փորձագետ Արշալույս Ճգնավորյանը եւ այլք:

Համաժողովի կողմից բանաձեւ դեռ չի ընդունվել, այդ փաստաթղթի նախագիծը միայն երեկ է կազմակերպիչների կողմից ուղարկվել մասնակիցներին՝ քննարկելու եւ արդյունքներով վերջնական տեքստը պատրաստելու նկատառումով: Ընդ որում, այդ փաստաթուղթը հասանելի է էլեկտրոնային մամուլի միջոցներին, եւ յուրաքանչյուր ոք կարող է համոզվել, որ այն բացարձակապես քաղաքական՝ անգամ ենթատեքստ չունի: Ինչ վերաբերում է մամուլում արտահայտված այն բարձրագոչ պնդումներին, թե իբր բանաձեւ է ընդունվել արագ իշխանափոխության պահանջի մասին, ինչպես արդեն նկատեցիք, հեռու են իրականությունից:

Իհարկե, եղել են քաղաքական ուղղվածության առանձին ելույթներ, քննադատություն, ինչը բնական է, որոնց հեղինակները փորձել են իշխանափոխության վերաբերյալ բանաձեւում առաջարկություններ ներկայացնել, սակայն դա արդեն իսկ ընդունված բանաձեւի հետ նույնացնելը, բացարձակապես ճիշտ չէ:

Ցավոք, մամուլում խեղաթյուրված է նաեւ առանձին մասնակիցների ելույթների բուն ուղղվածությունը եւ անգամ բովանդակությունը:

Հիմնական օրակարգը վերաբերել է Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու փոխհատուցմանն ուղղված համակարգված գործունեությանը: Կարեւոր հարցերից է եղել նաեւ մշակութային ցեղասպանության իրավական ասպեկտների քննարկումը: Ինչեւէ, քննարկվող հարցերից եւ ոչ մեկը չի վերաբերել Հայաստանի ներիշխանական հարաբերություններին, առավել եւս՝ իշխանափոխությանը:

Անհրաժեշտ եմ համարում նկատել, որ իմ կողմից հրապարակայնորեն ներկայացվել են առարկություններ, մասնավորապես առաջարկել եմ ընդունվելիք բանաձեւում ընդհանրապես բացառել որեւէ քաղաքական ուղղվածության դրույթ եւ այն համապատասխանեցնել բացառապես օրակարգով նախապես հաստատված հարցերի բնույթին:  Կազմակերպիչների արձագանքը եղել է հետեւյալը. «կկազմակերպենք համապատասխան քննարկումներ, հարկ եղած դեպքում կանցկացնենք քվեարկություն եւ միայն դրանց արդյունքում կկազմվի վերջնական փաստաթուղթը»: Բոլոր դեպքերում այն տեղեկատվությունը, թե իբր միաձայն բանաձեւ է ընդունվել, հերքվում է կոնկրետ փաստերով. վերջին հաշվով, բանաձեւի նախագիծը միայն երեկ է շրջանառության մեջ դրվել ու չի բովանդակում որեւէ ներքաղաքական խնդիր:

Ցավում եմ, որ Հայոց ցեղասպանության խիստ արդիական ու մեր ազգի արժանապատվության համար առանցքային նշանակության հիմնահարցը փորձ արվեց անհարկի քաղաքականացնել: Դա էր պատճառը, որ եզրափակիչ հատվածում ելույթ ունենալով, միանշանակ պնդեցի, որ բազում հայ հիրավի լավագույն մասնագետների մասնակցությամբ քննարկված հարցը հարիր չէ ուղեկցել քաղաքական ուղղվածություն ունեցող հայտարարություններով եւ ըստ այդմ էլ՝ ինչ-ինչ կետեր ներառել ընդունվելիք բանաձեւում:  Ի դեպ, իմ ելույթից հետո ինձ մոտեցան բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ եւ հայտնեցին ինձ հետ իրենց համակարծիք լինելը, այդ թվում՝ ԵՀՄՖ-ի պատվավոր նախագահը: Կարծում եմ, ԵՀՄՖ-ի կազմակերպիչները բարեխիղճ են գործել, վերջնական տեքստը պատրաստելիս հենվելով մասնակիցների մեծամասնության կարծիքի վրա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի խոշոր ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի ելույթին, որում վերջինս իբր հավաստիացրել է, թե պատրաստվում է համահայկական ազգային բանակ, որն էլ իրագործելու է ներիշխանական խնդիրները, ընդհուպ՝ իշխանափոխության գործընթացը, ապա ելույթն ունեցել է բոլորովին այլ ուղղվածություն:

Լ. Հայրապետյանի (ինչպես եւ բոլոր մասնակիցների) ելույթը զետեղված է էլեկտրոնային կայքերում: Բավական է անմիջապես ծանոթանաք այդ նյութերին, եւ ոչ թե դրանց վերաբերյալ «մեկնաբանություններին», ապա պարզ կդառնա, որ խոսքը բոլորովին այլ հարցի է վերաբերում: Վերջինիս ելույթի մեկնաբանությունները, կարծում եմ, ինքն էլ կանի, ինքս միայն փաստում եմ, որ ելույթը վերաբերել է ոչ թե ներիշխանական խնդիրներին, այլ այնպիսի կառույցի ձեւավորմանը, որը հնարավորություն կտա երկրի անվտանգությանը սպառնալու դեպքում, հնարավորինս արագ հավաքագրել բոլոր այն հայազգի անձանց, որոնք ցանկություն ունեն անցնելու համապատասխան վերապատրաստում եւ պաշտպանելու իրենց Հայրենիքն արտաքին վտանգներից: Ինքներդ դատեք, որքանո՞վ է այդ ծրագիրը տեղավորվում ներիշխանական խնդիրների լուծման համատեքստում: Հավելեմ, որ, դարձյալ հեղինակի խոսքերով, այդ գաղափարը՝ կոնկրետ առաջադրված լուծումներով, չի արժանացել հանրապետության ղեկավարության հավանությանը: Կարծում եմ, այս վերջին տեղեկատվությունն  է տարաբնույթ ենթադրությունների առիթ հանդիսացել:

Բանաձեւի նախագծի առնչությամբ արդեն իսկ ուղարկել եմ իմ նկատառումները, որոնց էությունը հետեւյալն է. ընդհանուր առմամբ ներկայացված տեսքով բանաձեւը համապատասխանում է քննարկված հարցերի եւ առավել հաճախակի հնչած առաջարկությունների ոգուն, պարզապես հարկ է հնարավորինս հստակեցնել եւ ճշգրտել դրույթները: Բոլոր դեպքերում ողջունելի է, որ բանաձեւում փորձ չի արվել անհարկի միջամտելու մեր երկրի ներքին քաղաքական կյանքին եւ թելադրելու ինչ-ինչ քաղաքական լուծումներ: Ընդհակառակը, ընդգծվել է միանգամայն ողջամիտ մոտեցում. «ՀՀ-ի ներքաղաքական հարցերին Սփյուռքի անմիջական մասնակցության ծրագրերի մշակման եւ իրականացման» կարեւորությունը:

Ի դեպ, քաղաքական ուղղվածության ելույթների հեղինակներից շատերը, այդ թվում ԵՀՄՖ-ի նախագահ Ա.Գրիգորյանը, նշեցին ստեղծված իրավիճակում Մաքսային միությանը միանալու որոշման հիմնավորվածության մասին:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30