Այսօր Գյումրու Նորավան թաղամասում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցը, որի շենքը կառուցվեց աշխարհահռչակ ռոք երաժիշտներ «Deep Purple»-ի մենակատար Իեն Գիլանի, «Black Sabbath» խմբի անդամ Թոնի Այոմիի, Ջեֆ Դունսի (Yes/Asia-ից է) և «Do Something» կազմակերպության ղեկավար Ջոնի Դինի նախաձեռնությամբ: Նրանք, 2009 թվականին լսելով երաժշտական դպրոցի սաների կատարումը, իրենց պատրաստակամությունն էին հայտնել նրանց մաշված տնակներից դուրս բերելու:
Նշենք, որ այս նպատակի համար, ընդհանուր առմամբ հավաքագրվել է շուրջ 485 միլիոն դրամ, որից 20 միլիոնը պետական բյուջեի միջոցների հաշվին է: Իեն Գիլանը լրագրողների հետ զրույցում, կիսելով իր տպավորություններն, ասաց. «Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին, և երբ ես տեսա այս շենքը, պարզապես աչքերս թրջվեցին, որովհետև սքանչելի, գեղեցիկ ու շատ լավ է ստացվել այս դպրոցը»:
Նա տեղեկացրեց, որ շենքի շինարարությունը ավարտված է, բայց իրենք մի բարեկամ ունեն Կանադայում` Թիմ Էրվին անունով, ով դպրոցի երաժշտական բոլոր գործիքներն է ձեռք բերել ու նվիրել: «Մնում է Գյումրիի ժողովուրդը տնօրենի, վայելի և բարգավաճի, այսօր կարելի է ասել աշխարհի հայացքները ուղղված են դեպի այս դպրոցը»,- ասաց Իեն Գիլանը:
Կարդացեք նաև
Լրագրողների այն ցանկությանը, թե ե՞րբ ռոք երաժիշտը կենդանի համերգ կունենա Գյումրիում, պատասխանեց. «Մենք միշտ էլ հույս ունենք հետաքրքիր որևէ բան ստեղծելու, այսպիսի նախաձեռնություններ են մեզ տալիս ներշնչանք ու էներգիա շարունակելու»:
Նշենք, որ ռոք երաժշտին թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը նվիրեց գյումրեցի գեղանկարիչ Սամվել Լաչիկյանի հեղինակած Իեն Գիլանի դիմանկարը: Խոսքը այն գեղանկարչի մասին է, ով կենդանության օրոք նկարել է Մայքլ Ջեքսոնին, ու այն բարեհաջող տեղ էր հասել աստղին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ