Ինն օրից Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով կանցկացվի պատգամավորի լրացուցիչ ընտրություն, բայց քարոզարշավի մեկնարկից մինչեւ օրս ինչպես հարկն է ակտիվություն չի նկատվում: Նույնիսկ ընտրատարածքի բնակիչներից ոչ բոլորն են տեղյակ անցկացվելիք ընտրության մասին, առավելեւս, ծանոթ չեն առաջադրված թեկնածուներին:
Մարզկենտրոնում անցկացրած մեր հարցման ժամանակ բնակիչներից շատերը նույնիսկ մեզանից էին հարցնում ի՞նչ ընտրության մասին է խոսք գնում, ե՞րբ է լինելու ընտրությունն ու ովքե՞ր են առաջադրված թեկնածուները: «Պա նոր չի՞ լա ընտրություն, որ քեցալ ըք նախագահ ընտրալ, տրանից առաջ ալ քաղաքապետի ընտրություն լա: Մենգ հո՞ւր պիտի ընտրիք, հի՞բ ա ընտրությունը, ղափանցի՞ըն թեկնածուները…: Ես խաբար չըմ լա, որ պիտի քինիք ընտրության, մըզ ոչ մինը պեն չի ասած», – մեր հարցման ի պատասխան իրեն հետաքրքրող հարցերի շարքն մեզ ուղղեց Կապանի բնակիչ 45-ամյա Սոսը, ով սկսեց այլ հարցեր տալ առաջիկա ընտրության վերաբերյալ:
Կապանի բնակիչներից միայն նա չէր, որ տեղյակ չէր կայանալիք ընտրության մասին, եւ ընտրությունից անտեղյակ մյուս քաղաքացիները եւս նույն հարցերի պատասխաններն էին ակնկալում ստանալ մեզանից՝ ե՞րբ է ընտրությունն ու ովքե՞ր են առաջադրված թեկնածուները, ոմանք էլ անտարբերությամբ էին խոսում եւ ընտրության անուն լսել չէին ուզում:
«Հինչ ընտրություն, հինչ պեն… Խամ չըք ընտրություններան, հուվ հինչ օզում անում ա, մին ա հուվ պիտի ընտրվե՝ առանց մըր կարծիքը հաշվի առնելի ընտրեցնելուվըն ղարկին Երեւան: Թքած օնիմ, ոչ մի տղ քինելու չըմ, ոչ ալ կնգանըս ըմ ասելու քինե…», – բարկացած տոնով ասաց մարզկենտրոնի բնակիչներից մեկն, ով այդպես էլ չներկայացավ ու արագ շարունակեց իր ճանապարհը:
Կարդացեք նաև
Ոմանք էլ անկեղծացան, որ ԱԺ մեծամասնական խմբակցության քանակը լրացնող որևէ ընտրված պատգամավորից ակտիվ գործունեության սպասելիքներ չունեն:
Սիրան Հակոբյանն ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների՝ լավ տեղյակ էր առաջիկա ընտրության մասին, ծանոթ էր առաջադրված թեկնածուներին եւ իր ընտրության մասին արդեն որոշում է կայացրել՝ անկեղծանալով, որ իշխող կուսակցության թեկնածուի վրա կանգ չի առնի ու սկսեց մանրամասնել պատճառները:
«Մի հայտնի երգ ունենք է, որտեղ ասվում է․ «Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից…»: Իհարկե, չեմ զարմանում, որ իշխող կուսակցության պատգամավորի թեկնածուն մի մարդ է, ով 8 տարի Կապանի քաղաքապետ աշխատելու ընթացքում արժանացավ միայն նրան, որ նրա դռան վրա ամրացնենք «ՎԱՃԱՌԱԿԱՆ» ցուցանակը: Բայց նորից և նորից զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է գնալ և ընտրել մի մարդու, ով իր սեփական շահի և գրպանի համար վաճառեց Կապանի բոլոր հնարավոր և անհնարին տարածքները, օբյեկտները: Չեմ կարող մեկ առ մեկ նշել և տեղյակ էլ չեմ լինի բոլորի մասին, բայց կասեմ միայն մեկ գործարքի մասին, որը ներել չեմ կարողանում մինչև օրս: Խոսքս Կապանի պիոներ պալատի մարզադահլիճի մասին է, որը սեփականաշնորհվել և վաճառվել է նրա կողմից, որտեղ հիմա գործում է սուպերմարկետ: Կապանում միակ թեք տրիբունաներով գործող փակ, լավ վիճակում գտնվող մարզադահլիճը վաճառեցին: Ես համոզվեցի, որ այդ մարդկանց համար հայրենասիրություն, հայրենիքի անվտանգություն, երիտասարդություն, առողջ սերունդ, սպորտի զարգացում եւ պետության կայացման ու զարգացման համար այլ կարևոր տարրերը՝ փուչ խոսքեր են: Ո՞նց կարելի է նման մարդուն կողմ քվեարկել…, մյուս թեկնածուն գոնե այդպիսի արարքներ թույլ չի տվել իրեն», – ասաց նա եւ հավելեց, որ հենց նշված պատճառներով կգնա ու կընտրի մյուս թեկնածուին: Ընտրությունների մասին տեղեկացված են նաեւ կապանցի թոշակառուները, ովքեր չմերժեցին եւ համաձայնվեցին իրենց կարծիքներն արտահայտել տեսախցիկի առջեւ:
Սեպտեմբերի 29-ին հաշված օրեր են մնացել, թեեւ թեկնածուներն իրենց քարոզարշավն անցկացնում են տարածաշրջաններում, բայց արտաքին հայացքից յուրաքանչյուրն էլ նկատում է, թե ինչ պասիվ մթնոլորտ է տիրում: Այնպիսի տպավորություն է՝ կարծես նախընտրական շրջան չէ եւ ամեն ինչ ձեւականության համար է արվում: Առավել շատ հանգստություն նկատվում է ՀՀԿ-ական թեկնածուի կողմից:
Ինչեւէ, այս ընտրությունները բոլորովին տարբերվում են նախորդ ընտրություններից, գոնե այն ժամանակ պայքարի նշույլներ նկատվում էին եւ ձեւականություններն էլ այս աստիճանի աչք չէին ծակում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ