Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կորոշի, թե որ պատգամավորի ելույթը հեռարձակվի Հ1-ով. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 20:18

Սեպտեմբերի 12-ին, երբ Ազգային ժողովում լսվում էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի՝ ՀՀՌԽ-ի 2012 թվականի գործունեության հաղորդումը, ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանին «Խորհրդարանական ժամ» հաղորդման մասին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Պարոն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ «Խորհրդարանական ժամով» ցուցադրվում է ԱԺ հայտարարությունների կամ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցերի եւ հայտարարությունների ծաղկաքաղ, ընտրվում է յուրաքանչյուր խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավորի ելույթ, եւ դա է ցուցադրվում հանրային հեռուստատեսության եթերով: Այս կապակցությամբ իրենք դիմել են ԱԺ լրատվական բաժին, որտեղից ասել են, որ իրենք ամբողջական տեսանյութն ուղարկում են Հանրային հեռուստատեսություն, եւ ընտրությունը, թե որ մասը ցուցադրել, կատարվում է հենց հեռուստատեսությունում:

Ըստ պարոն Մանուկյանի՝ «ընտրվում են ամենաթույլ, ոչ սուր ելույթները» եւ դրանք են մատուցվում հեռուստադիտողին: Պարոն Ջաղինյանից նա հետաքրքրվում էր՝ հնարավո՞ր չէ, արդյոք, որ ամեն խմբակցություն ինքը որոշի, թե որ ելույթը եթեր հեռարձակվի: Պարոն Ջաղինյանը, ընդհանուր առմամբ, դեմ չէր այս առաջարկին՝ նրա համար ակնհայտորեն միեւնույն էր դա, եւ ասաց, որ կարելի է քննարկել:

Այսօր Արամ Մանուկյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ քննարկում եղա՞վ, ինչ-որ բան փոխվե՞ց: Պարոն Մանուկյանն ասաց, որ դեռ չի եղել քննարկում, եւ ինքը գրեթե վստահ է, որ մերժվելու է իր առաջարկը, թեեւ դա շատ արդարացի առաջարկ էր: Իսկ կմերժվի, քանի որ ոչ թե Հանրային հեռուստատեսությունում, այլ անմիջապես Բաղրամյան 26-ում են որոշում, թե որ ելույթը պետք է հեռարձակվի:

Մեր հարցին՝ իսկ եթե այնուամենայնիվ, չմերժվի, եւ խմբակցությունները որոշեն, թե որ ելույթը հեռարձակվի, արդյոք կամայականություն չի՞ լինի, ասենք՝ «Ժառանգությունը» չի ցանկանա եթեր տալ իրենց խմբակցության անդամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին, կամ ՀԱԿ-ը եթեր չի տա Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի ելույթները: Պարոն Մանուկյանը նկատեց, որ եթե իրենց առաջարկը չմերժվի, ինքը շատ կուրախանա, իսկ, թե որ ելույթը դրվի՝ արդար կլինի, եթե խմբակցությունն ինքը որոշի, թե ով է իր շահերը ավելի լավ ներկայացնում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30