ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետևաբար որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել։
Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չի կարող կիրառել։ Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբանձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ և ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով: Ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման և նվազեցման, ինչպես նաև սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը: Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների և ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության:
Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին։
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն