Աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իեն Գիլանի, Ջոնի Դինի, բարերար Էդվարդ Մարտիգյանի և այլոց ջանքերով կառուցված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը այսօր մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն մինչ նախագահի ժամանելը, նրա անվտանգության աշխատակիցներից մեկը (տես լուսանկարում, ձեռքը պարզած անձն է) գոռում էր օպերատորների ու լրագրողների վրա `պահանջելով կանգնել մայթի վրա ու ճանապարհը բաց պահել: Վերջինս ամեն կերպ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը` չթույլատրելով ազատ տեղաշարժվել ու տեսալուսանկարահանումներ կատարել: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ իրենք բոլորն էլ հավատարմագրված են, բացի այդ, ինչպես անվտանգության աշխատակիցը, այնպես էլ իրենք, կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, որին ի պատասխան անվտանգության աշխատակիցը շուռ եկավ դեպի ոստիկանները` ավելի բարձր տոնով գոռալով ու հրահանգելով. «Ի՞նչ եք կանգնել, բոլորին էստեղից հանեք»:
Տեղի ոստիկաններից ոմանք իսկապես շատ վատ զգացին նրա պահվածքից` լրագրողներին հայացքով հորդորելով հասկանալ, որ այլ ելք չունեն, լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե այդ ո՞ր օրվանից են նախագահի անվտանգության աշխատակցի լիազորությունների մեջ մտցրել ոստիկաններին հրահանգ տալը: Փորձելով փրկել իրավիճակը` մի երիտասարդ ոստիկան ասաց. «Չի՞ լինի դուք` լրագրողներդ, օրենքը պահպանեք ու նման հարցեր չտաք»:
Մեկ այլ լրագրող տեղից նետեց. «Քո պատկերացրած օրենքը մայթի վրա կանգե՞լն է, մի մայթի, որը համարյա գոյություն էլ չունի»: Պարզ է, որ Վլադիմիր Գասպարյանի այս աշխատակիցը չէր տարբերում, կամ էլ շփոթում էր կարգն ու օրենքը, սակայն զարմանալի է, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչների աշխատանքը անարգում ու խոչընդոտում են նախագահի անվտանգության աշխատակիցները` մոռանալով, որ դա մեր երկրում քրեորեն պատժելի արարք է: Ավելին, նրանք նախագահի անվտանգությունն ապահովում են ուրիշներին վտանգելու, նրանց հրմշտելու, ոտքերը տրորելու հաշվին, որը բնականաբար չի խոսում այդ աշխատակիցների` իրենց ոլորտում պրոֆեսիոնալ լինելու մասին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ