Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վիճաբանություն՝ ՀՀՇ-ի շուրջ. ովքե՞ր իրավունք ունեն եւ ովքեր չունեն խոսելու ՀՀՇ-ի անունից

Սեպտեմբեր 20,2013 19:40

«ՀԱԿ-ը ո՞նց կարող է խանդով ինքն իր մի մասին վերաբերվի: Ես չգիտեմ, ուրիշ մարդիկ միգուցե ունեն անձնավորության երկակում կամ նման հոգեբանական երեւույթներ, Կոնգրեսը նման բան չունի: Կոնգրեսի մի մասն է կազմել ՀՀՇ-ն, եւ ՀՀՇ-ն այլ քաղաքական ուժերի հետ միավորվել է ՀԱԿ կուսակցության մեջ: ՀԱԿ-ը չի կարող խանդով վերաբերվել իր մի մասին: Դա աբսուրդ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց Կարապետ Ռուբինյանի այն տեսակետին, որ ՀԱԿ-ը վերածնվող ՀՀՇ-ին խանդով է վերաբերվում:

Պարոն Ռուբինյանը tert.am-ին ասել էր, որ  ՀԱԿ-ի  ծրագիրն այն էր, որ փակեն ՀՀՇ-ն, բայց միեւնույն ժամանակ հայտարարեին իրենց իրավահաջորդ, եթե հարմար լիներ. «Եթե հարմար չլիներ՝ կասեին, որ մենք նոր կուսակցություն ենք: Հիմա արդեն ինչ-որ ձեւով այդ ծրագիրը կխոչընդոտվի, եթե նոր ՀՀՇ լինի: Ինչ-որ խանդ, ինչ-որ դժկամություն կարա լինի, ու դա բնական է: Կարան ՀՀՇ-ի վերածննդին այդպես նյարդային վերաբերվեն»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Կա իրավական ժառանգորդության հարց, քաղաքական ժառանգորդության հարց: 1988-ին այդ շարժումը ղեկավարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա՝ քաղաքական մասը: ՀՀՇ-ն, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծամասնությունն այսօր էլի մեր շարժման հետ են, եթե այդպես խորհրդանշական փաստեր վերցնենք: ՀՀՇ-ն ճնշող մեծամասնությամբ, պահպանելով օրենքի բոլոր կանոնները, մոտավորապես մի քանի 100 ձայնը՝ 6-ի դեմ ընդունել է որոշում՝ վերակազմավորվելու, մաս դառնալու Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Նրանք, ովքեր իրավունք ունեին եւ ունեն խոսելու Հայոց համազգային շարժման անունից, այդ մարդիկ արտահայտվել են: Ընդ որում, չեն արտահայտվել ասուլիսներում կամ թերթերում, արտահայտվել են կանոնավոր, օրինական քվեարկության ժամանակ: Արտահայտվել են այնպես, որ բոլոր ընդդիմախոսներին կարելի է ջախջախված համարել: Եթե դեմ է քվեարկել ընդամենը 6 մարդ, դա արդեն  ցույց է տալիս, թե ով ինչ իրավունքներ ունի խոսելու: ՀՀՇ-ն մեր ՀԱԿ կուսակցության ե՛ւ մասն է կազմում, ե՛ւ պատմական անցյալի մասն է կազմում»:

Պարոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ի ընդհանրապես պատմական բաղադրիչ մասերը շատ հարուստ են. «Դա եւ 88-ից եկող ՀՀՇ-ն է, եւ Ղարաբաղ կոմիտեի գլխավոր վառ անհատականությունները, 2007-2008-ին շարժմանը, Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզչությանը միացած հասարակության տարբեր էլեմենտներ, բոլորը: Այն երիտասարդությունը, որը չի իմացել ՀՀՇ-ի մասին, բայց կոնկրետ դարձել է  շարժման ջահակիրը, ինքն էլ է մաս կազմել այս նոր կուսակցությանը: Մենք իրականում մեծագույն կոնսոլիդացիա ենք ապահովել: Մենք ստեղծել ենք մի քաղաքական ուժ, որը տարբեր քաղաքական  հոսանքներին, անհատներին համախմբումն  է ապահովել: Փոխանակ սա տեսնեն, ընկել են ինչ-որ տարբեր բաների մեջ: Իսկ ՀՀՇ-ի մեծամասնությունը, որն այսօր Կոնգրեսում է, բնականաբար, իր պատմական առաքելությունը եւ ժառանգությունը շատ ուշադիր եւ գգվանքով պահպանելու է: Եվ ոչ ոք չի կարող այդ ավանդույթները, այդ տարիների կուզեք առասպելաբանությունը նրանցից խլել: Ո՞նց կարող եք մեծամասնությունից խլել իր իրավունքները: Նման բան չի լինի: Չեն կարող փոքրամասնության տարբեր խավեր, որոնք տարբեր էտապներում անջատվել են, հայտ ներկայացնեն այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք անդավաճան, սկզբից մինչեւ վերջ եղել են այդ կուսակցության մեջ: Ո՞նց կարող է նման բան լինի»:

Մեր դիտարկմանը, որ նրանք ՀՀՇ-ն չեն դավաճանել՝ Լեւոն Զուրաբյանը ճշտեց. «Ես դավաճանության մասին չեմ խոսում, նրանք դուրս են եկել ՀՀՇ-ից տարբեր էտապներում: Այդ մարդիկ չեն կարող ինչ-որ իրավունքներ փորձել ստանալ կամ ինչ-որ հայտեր ներկայացնել՝ ժառանգական իրավունքների կամ ավանդույթների, ինչ-որ իրավունքների այն մարդկանց, որոնք սկզբից մինչեւ վերջ մաս են կազմել այդ կուսակցությանը, անդավաճան եղել են այդ կուսակցության անդամ՝ 88-ից մինչեւ հիմա: Դա ոչ մի նորմալ պատկերացման մեջ չի կարող տեղավորվել»:

Մեր հարցին՝ այն ուժը, որը ստեղծում են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, այդ ուժը Դուք չե՞ք ճանաչելու՝ որպես ՀՀՇ, որքան էլ այն  գրանցվի այդ անունով՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ասացի տեսականորեն որն է մոտեցումը: Բոլոր այն մարդիկ, որոնք 89-ից հիմնադրել են ՀՀՇ-ն, բոլոր այդ մարդիկ, որոնք սկզբից ի վեր եղել են այդ կուսակցության մեջ եւ այսօր որոշում են ընդունել այլ մարդկանց հետ միասին կազմել Հայ ազգային կոնգրեսը, բոլոր այդ մարդիկ կրում են այդ բոլոր ավանդույթների հարստությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30