Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց Մառնեուլիի Բուրմա գյուղի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Ալլահվերդի Փելենգովի խնդիրը: Վերջինս մեղադրվում է օգոստոսի 17-ին հայ-վրացական սահմանը խախտելու մեջ: Նա գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:
Համացանցում բաց նամակ է ուղղվել Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին եւ Մայա Պանջիկիձեին, երկու երկրների արդարադատության նախարարներ Հրայր Թովմասյանին եւ Թեա Ցուլուկիանիին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեզ Լենարչիչին: Նամակում խնդրանք կա, որ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեն Փելենգովի հետ եւ նրա նկատմամբ հնարավորինս շուտ բաց դատավարություն անցկացվի`լրագրողների ներկայությամբ:
Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ շարունակվում է Փելենգովի հանրային պաշտպանությունը եւ նշված հայտարարության տակ ստորագրություններ են ավելանում: Վանյանն ասաց,որ ինքը գործընթաց է սկսել Փելենգովի եւ նրա գործով քննիչ Տիգրան Սինոյանին հանդիպելու համար:
Սեպտեմբերի 27-ին Թեքալիում կայանալիք «Հարավային Կովկասի անվտանգության հարցերը» թեմայով հասարակական լսումների օրակարգի 4-րդ հարցը Փելենգովի պաշտպանության հասարակական խորհրդի հաշվետվությունն է գործի ընթացքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ