Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը

Սեպտեմբեր 20,2013 18:53

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկումների արդյունքում որոշվեց առաջին հերթին հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը.

1.  իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը,

2. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները,

3. սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները,

4. իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ,

5.  ՀՀ Նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակը, գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների ներդաշնակությունը սահմանադրական գործառույթներին,

6. օրենսդիր իշխանության բնականոն գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները,

7. գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակն ու արդյունավետ գործունեության սահմանադրական նախադրյալները,

8. դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները,

9. ընտրական համակարգին ներկայացվող սահմանադրական պահանջները,

10. հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք,

11. տեղական ինքնակառավարման զարգացման ու ամրապնդման սահմանադրական երաշխիքները,

12. Սահմանադրության կառուցվածքի խնդիրը,

13. ներսահմանադրական կայունության ամրապնդման և Սահմանադրության ինքնաբավության ու սահմանադրական դինամիկ զարգացումների շարունակականության երաշխավորումը, գործառնական, կառուցակարգային անհստակությունների և ներքին հակասությունների հաղթահարումը,

14. Սահմանադրության, իրավական համակարգի և  իրավակիրառ պրակտիկայի միջև տեղ գտած անհամապատասխանությունների հաղթահարման սահմանադրական նախադրյալները, սահմանադրականության մշտադիտարկման ապահովումը:

Առաջին հիմնախնդրի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի անդամների միջև կատարեց նաև հիմնախնդիրների քննարկումների նախապատրաստման  թեմատիկ բաշխում:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 4-ին:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իր անդրանիկ նիստում նախատեսեց տարբեր մասնագետների և կազմակերպությունների ներկայացրած առաջակությունների ընդունման, ուսումնասիրման և քննարկման ընթացակարգ, որի համաձայն՝ մասնագիտական առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, կամ [email protected]  էլեկտրոնային հասցեով:

 

ՀՀ Արդարադատություն նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30