Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը, Սերժ Սարգսյանն ու նրա`«Առա՜ջ` դեպի առանց տնակների Գյումրի» կարգախոսը. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 20,2013 18:35

Աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իեն Գիլանի ու Ջոն Դինի հետ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքը բացելու, ինչպես նաև արվեստների ու արհեստների առաջին փառատոնին մասնակցելու համար Գյումրի էր եկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս այցը հետաքրքիր էր նրանով, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ, նախագահական ընտրություններից հետո ոտք չէր դրել իրեն ձայն չտված ու նախագահ չընտրած այս քաղաքը:

PrevPhoto
NextPhoto

Նշենք, որ գյումրեցիները առավել շատ խոսում էին Իեն Գիլանի իրենց քաղաք այցելելուց, քան նախագահի գալուց: Շատերը շտապում էին երաժշտական դպրոցի մոտ` տեսնելու աշխարհահռչակ երաժշտին: Խոսակցության թեման անմիջապես փոխվեց, երբ Սերժ Սարգսյանի պատվիրակությունը տեղափոխվեց Վարդան Ղուկասյանի վերանորոգած Ամենափրկիչ եկեղեցու բակ:

Եկեղեցու մուտքի մոտ  հանկարծակի հայտնվեց Գյումրու նախկին քաղաքապետը ու երկրի նախագահին`կտրելով իր շքախմբից, հրավիրեց, տարավ եկեղեցի`զրուցելու: Սամվել Բալասանյանը, ինչ-որ տեղ անակնկալի գալով, այդ ընթացքում, ստիպված եղավ իր թիմակիցների հետ մի պահ սպասել եկեղեցու դիմացի ծառերի տակ: Նկատենք, որ ըստ մեր աղբյուրների, Վարդան Ղուկասյանը վաղուց էր հանդիպում փնտրում երկրի նախագահի հետ` իր ձերբակալված ընկերոջ` քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը հարցերը լուծելու ու Սերժ Սարգսյանին հորդորելու, որ հանգիստ թողնեն իր թիմակիցներին, որոնց մեղադրում են 80 միլիոն դրամ յուրացնելու ու Գյումրու փողոցները չասֆալտապատելու մեջ:

Թե ինչքանով հաջողվեց Վարդան Ղուկասյանի ու Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, առաջիկա օրերին պարզ կդառնա, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ նախագահն բավականին բարյացակամ է տրամադրված Գյումրու կոլորիտով քաղաքապետի հանդեպ:

Ինչևէ, Սերժ Սարգսյանը շրջեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հրապարակում, դիտեց ոսկերիչների, արհեստագործներ, դարբինների, գորգագործների գործերը ու ուղևորվեց Գյումրու քաղաքապետարան` փակ խորհրդակցության: Այդ խորհրդակցությանը մասնակցում էին Շիրակի մարզպետարանի բոլոր վարչության պետերը, քաղաքապետարանի բաժնի պետերը, Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորները, նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներ , նաև քաղաքաշինության նախարարը:

Թե ինչ է քննարկվել խորհրդակցությանը, լրագրողների համար մանրամասնեցին քաղաքաշինության նախարարը, Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի տեղեկացմամբ, քննարկվել է Մուշ 2 թաղամասում 420 ընտանիքների համար լրացուցիչ կառուցվող բնակարանների հարցը , նախագահի կողմից պահանջ է ներկայացվել նաև նորակառույց Մուշ թաղամասում բնակարաններ ստացած շահառուներին տնակներից հանելու ու նրանց իրենց բնակարանները ուղարկելու:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի տեղեկացմամբ, նախագահի հետ խոսել են այն պետական ծրագրերի մասին, որոնք իրականացնում են Գյումրիում և իրենք նախագահին առաջարկել են այն ծրագրերը, որոնք կուզենային, որ իրագործվեր Գյումրիում: Նախագահն, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, լսել է իրենց առաջարկությունները և խոստացել է կատարվող աշխատանքների համար լրացուցիչ գումարներ տրամադրել, որպեսզի կարողանան շարունակել:

«Հիմնական աշխատանքները վերաբերում են կոյուղագծերի կառուցմանը, ճանապարհաշինությանը և մի քանի օբյեկտների, որոնք չէինք ուզենա շարունակել»,- ասաց մարզպետը:

Նա նույնպես կրկնեց քաղաքաշինության նախարարի խոսքը, որ նախագահն պահանջել է վերացնել Գյումրու տնակային տնտեսությունները, այսինքն` նրանք, ովքեր բնակարան են ստացել, գնան ու բնակվեն: Փաստորեն Սերժ Սարգսյանը բավական ուշացած փորձում է իրականացնել 2008 թվականի իր հայտնի կարգախոսը`«Առա՜ջ` դեպի առանց տնակների Գյումրի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30