Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է անկախության վաղվա տոնը լինի վերջինը, որ մենք կնշենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն եւ Եվրասիական միություն: Նա պատասխանեց. «Ես կխնդրեի այդքան հեշտ մեր անկախությունը չթաղել: Ես ընդհանրապես համարում եմ, որ մի քիչ չափազանցված են բոլոր այդ պնդումները: Անկախությունը խաղալիք չի, որը կարող են քեզ տալ, հետո նույնքան հեշտությամբ քո ձեռքից խլել: Բայց ինչքան երկար տեւի այս կոռումպացված, ոչ կոմպետենտ, գողապետական իշխանության գոյությունը, այնքան մեր անկախության հզորությունը պակասելու է: Նպատակը մենք պետք է այսպես ձեւակերպենք՝ արագորեն վերականգնենք Հայաստանում ընտրովի իշխանություն, լեգիտիմ իշխանություն, որ ժողովուրդն առաջին հերթին ինքն իր նկատմամբ դառնա սուվերեն: Եվ հետո նոր միջազգային ասպարեզում խոսի սուվերենի իրավունքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ