Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԱԿ խմբակցություն այլեւս չկա, 7 հոգին կան, բայց այդ քաղաքական ուժը վերացել է, հետեւաբար վերացել է նաեւ խմբակցությունը:
Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առարկեց Հրանտ Բագրատյանի պնդմանը. «Բայց ինքը ե՞րբ է եկել ՀԱԿ խմբակցության նիստերին, որ մի հատ էլ տեսնի՝ կա՞, թե՞ չկա: Եթե գա, ինքը սեփական աչքերով կհամոզվի, որ խմբակցությունը կա»:
Մենք փոխանցեցինք Հրանտ Բագրատյանի բացատրությունը, որ եթե չկա այն քաղաքական ուժը, որը ծնել է այդ խմբակցությունը, ուրեմն չկա նաեւ խմբակցությունը: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես դա չեմ ընդունում: Կոնկրետ հիմա այդ խմբակցության գոնե այն պատգամավորները, որոնք մասնակցում են խմբակցության նիստերին, կուռ, կազմակերպված խմբակցություն է, որոնք ներկայացնում են ՀԺԿ, ՍԴՀԿ եւ ՀԱԿ կուսակցությունները, որոնք կազմել են ընտրական դաշինքի մաս, հիմա էլ շատ փայլուն դաշնային հարաբերություններ ունեն: Այսինքն, քաղաքական ուժ, որը միավորում է մեր խմբակցությունը, գոյություն ունի եւ շարունակում է գոյություն ունենալ, դեռ մի բան էլ՝ իմ գնահատականներով, ավելի կազմակերպված է դարձել՝ շնորհիվ այն գործընթացի, որ գնաց միավորում՝ ՀԱԿ կուսակցության ձեւաչափում: Փայլուն հարաբերություններ են, հավատարիմ ենք մեր ընտրական ծրագրերին եւ ես որեւէ հիմնավորում չեմ տեսնում, թե ինչու կարելի է մեր խմբակցությունը համարել ոչ խմբակցություն: Շատ նորմալ, արդյունավետ, ռեգուլյար աշխատանք է գնում: Մենք հավաքվում ենք, ըստ կանոնադրության գործում ենք, որոշումներ ընդունում ենք: Ես ոչ մեկին չեմ ուզում նախատել, այդ մարդիկ կարող են իրենք որոշել՝ մասնակցո՞ւմ են աշխատանքին, թե՞ ոչ: Դա իրենց գործն է: Բայց խմբակցությունն արդյունավետ, կուռ աշխատող կառույց է»:
Հրանտ Բագրատյանը նշել էր, որ օրենսդրությունը թույլ չի տալիս առանձնանալ եւ գործել ԱԺ-ում՝ որպես անկախ պատգամավորներ: Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ «Դա իրենց իրավունքն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ