Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանների միջնորդությունը

Սեպտեմբեր 20,2013 17:51

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցու փաստաբանների` դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը:

Առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի փաստաբաններ Գագիկ Սարդարյանն ու Արտակ Ոսկանյանը միջնորդություն էին ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերսկսել շուրջ մեկուկես տարի տեւող եւ ավարտին մոտեցած դատաքննությունը:

«Այս պահի դրությամբ ես չեմ հավակնում հայտնել, որ իմ պաշտպանյալը բացարձակապես անմեղ է, այդ հարցին վերջնական պատասխան կտա կրկնակի դատահաշվապահական փորձաքննությունը, եւ ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտումը: Միջնորդում եմ վերսկսել դատաքննությունը, կատարել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, որի համար «ՎՏԲ» բանկից պահանջել 2008 եւ 2009 թվականների ընթացքում ջրաչափերի դիմաց հատուկ հաշվին կատարված մուծումների անդորրագրերի պատճենները: Անհրաժեշտ է նշանակել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքներով միայն պետք է որոշել մեղավոր անձանց եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Ամբաստանյալ Արտակ Գինոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել, քննության առնել նրան գրավով ազատ արձակելու հնարավորության հարցը այն գումարի չափով, որը դատարանը հնարավոր կհամարի»,- դատարանում նշել էր փաստաբան Գագիկ Սարդարյանը:

Դատարանը, սակայն, այդպես էլ հիմնավոր չի համարել փաստաբանների պահանջը եւ մերժել է նրանց: Վերջիններս էլ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Գինոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ.-ից մինչեւ 2009 թ. սեպտեմբերի 17-ը աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի եւ վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափի՝ 8.578.702 դրամ գումարը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել եւ այդ կերպ յուրացրել է։

Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային կազմակերպության առեւտրային տնօրեն Մարգար Գեւորգյանն ու «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» հաշվապահ Ռուզաննա Հակոբյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30