«Դեռ այդպիսի հարցում չեմ արել, գումար եմ ման գալիս, որ մի հանրապետական հարցում անեմ»,-Aravot.am-ի հարցին` Մաքսային միությանը միանալու թեմայով հարցում կատարե՞լ է հայ հասարակության շրջանում, այսպես պատասխանեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Մեզ հետ զրույցում սոցիոլոգը վստահեցրեց, թե հասարակության մեծամասնությունը կողմ է Մաքսային միության անդամագրմանը ու մանրամասնեց. «Հատկապես կողմ է Մաքսային միությանը միջին ու ցածր խավը, այն մարդիկ, ում ծնողները, բարեկամները կամ ազգականները աշխատում են ՌԴ-ում: Եթե դուրս եկանք, ապա նրանց դուրս կշպրտեն, կուղարկեն այստեղ: Իսկ նա, ով ունի մրցունակ մասնագիտություն, կապեր է հաստատել Եվրոպայի հետ, Եվրոպան նրան ավելի մտերմիկ է և նա կողմ է Եվրոպային: Հայ ծրագրավորողը Ռուսաստանում անելիք չունի, այնինչ Եվրոպայում նա միանգամից կացության վկայական կստանա, հինգ տարուց էլ քաղաքացիություն, քանի որ այնտեղ նա պիտանի է»:
Մեր այն հարցին` ինչպե՞ս է պարոն Ադիբեկյանը նշում, թե հասարակության մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը, այն դեպքում, երբ հանրության շրջանում խուճապ է, թե շուտով Հայաստանը ՌԴ մարզ է դառնալու: Սոցիոլոգն այսպես արձագանքեց. «Այստեղ խնդիրը ՌԴ-ի մասին չէ: Այնտեղ կան Ղազախստանը, Բելառուսը, որոնք մեծ երկրներ են: Այստեղ շատ բան կախված է նաև նրանից, թե ինչ կեցվածք ունենք մենք: Հայերը բավականին հարգված են Ղազախստանում, Բելառուսում: Իսկ Ռուսաստանում կա հակահայկական և պրոհայկական լոբբինգ: Այդ երկու լոբբինգներից էլ կախված է` Մաքսային միությունում մեր վիճակը: Մենք այդ միության մեջ յուրահատուկ խաղացող ենք, որպես խորհրդանիշ ենք դառնում, ոչ թե միայն տնտեսական գործընկեր»:
Մեր մյուս հարցին` արդյոք անհրաժեշտ չէ՞ր հասարակությանը նախ նախապատրաստել, հետո Մաքսային միություն մուտք գործելու որոշում կայացնել, պարոն Ադիբեկյանն այսպես պատասխանեց. «Եվրամիություն մտնելու և մեր արտադրանքը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար մեզ առնվազն հարյուր միլիարդ եվրո է պետք, քանի որ ԵՄ-ն մեծ շեմային պահանջ է դնում իրենց շուկա մտնողների համար: Փաստորեն, եթե մտնենք Եվրոպա, մենք նրան առաջարկելու ոչինչ չունենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ