Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Սամվել Ալեքսանյանի անունն անիմաստ է տալ»

Սեպտեմբեր 20,2013 17:34

ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները երեկ կառավարության նիստին ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որոշակի շտկումներով, մի քանի բառեր ավելացնելով կառավարությունը հաստատեց, եւ պետք է նորից հետ ուղարկվի ԱԺ:

Ըստ օրենքում առաջարկվող փոփոխությունների, օրինակ՝ հուշարձանը կարելի է տեղափոխել կամ փոփոխել բացառիկ դեպքերում, եթե դա պահանջում է հուշարձանի նյու­թա­կան պահպանությունը, հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կա­տարվել միայն այն բացառիկ դեպքում, երբ այն սպառել է իր սկզբնական գործառնական կար­գա­վիճակով օգտագործելու հնարավորությունը եւ նրա հետագա պահպանման շահերից ելնե­լով հասունացել է այն հարմարեցնելու գործառնական մեկ այլ բնույթի  օգտագործմանը:

Հու­շար­ձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմամշակութային արժեք հանդիսացող  ար­տաքին ու  ներքին կերպարների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, նսեմացմամբ կամ ոչնչացմամբ:

Aravot.am-ը ճարտարապետ Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեց, թե որքանով օրենսդրական այս նախաձեռնությունը կազդի ասենք Ծածկած շուկան պահպանելու, կամ «Աֆրիկյանների տան» տեղափոխումը կանխելու հարցում: Պարոն Քալաշյանը վստահեցրեց, որ Սամվել Ալեքսանյանի կողմից սուպերմարկետի վերածվող Փակ շուկայի վրա օրենքը չի տարածվի, իսկ ինչ վերաբերում է Աֆրիկյանների տանը, ճարտարապետն ասաց, որ եթե դեռ չեն տեղափոխել, ուրեմն այլեւս իրավունք չպիտի ունենան տեղափոխելու:

Մեր այն դիտարկմանը, որ Աֆրիկյանների տան տեղափոխելու մասին որոշումն արդեն կա, պարոն Քալաշյանն ասաց. «Դեռ պետք է դատարանի միջոցով պարզել, օրենքը որքանով կազդի Աֆրիկյանների տան վրա: Ուղղակի տարածված իներցիան, որ շենքը քանդում են` էս մայթից տանում են էն մայթ, իբր հուշարձան են պահպանում, դա պահպանել չէ, դա կործանել է»:

Սաշուր Քալաշյանի կարծիքով, օրենքում փոփոխությունն անհրաժեշտ էր անել, քանի որ հուշարձանների տեղափոխման մասին օրենք չկար:

 Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է, պարոն Քալաշյանի խոսքերով` հուշարձանը տեղափոխել այն դեպքում, եթե ասենք երկրաշարժ է, ջրհեղեղ կամ այնպիսի աղետ, որի հետեւանքով հուշարձանը վտանգվել է. «Հիմա որեւէ մեկի կապրիզով տեղափոխել չի կարելի»:

Aravot.am-ի հարցին` մի քիչ ուշացած նախաձեռնություն չէ՞, քանի որ շատ կարեւոր հուշարձաններ արդեն խեղաթյուրվել են, եւ ինչպես ճարտարապետն էր նշել` օրենքը հետադարձ ուժ չունի, Սաշուր Քալաշյանն ասաց.«Լավ է ուշ, քան երբեք: Եթե 10 բան մնացել է. գոնե դա փրկենք»:

Ճարտարապետին նաեւ հիշեցրինք Աբովյան փողոցի վրա գտնվող ճարտարապետական հուշարձան համարվող ԱՕՔՍ-ի շենքը, որի ճակատագիրը վտանգված էր, եւ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել դրա պահպանման համար: «ԱՕՔՍ-ի շենքը կմնա, չնայած, վտանգը միշտ կարա կախվի մեր գլխին: Էս պետությունը օրենք ստեղծում է, բայց օրենքին չի ենթարկվում: Փակ շուկայի դեպքում էլ օրենք կար, բայց պետությունը ինքն էր խախտում օրենքը: Սամվել Ալեքսանյանի անունն ենք տալիս, բայց իմաստ չունի էդ անունը տալ: Ճիշտ է, ինքն էլ էդ օրենքի մարդկանցից մեկն է, ինքը անձ է, էսօր կա, էգուց չկա, բայց պետական մարմինը հո կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30