«Միջոցառումը կազմակերպվում է առաջին անգամ, այն ռազմահայրենասիրական է, իսկ մասնակիցները՝ ուսանողական խորհրդի անդամներ, տարբեր մասնագիտությունների տեր ուսանողներ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆիկ Քարամյանը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի բակում տեղի ունեցավ ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված հայրենասիրական միջոցառում: Միջոցառման ժամանակ հնչեցին հայրենասիրական երգեր, երիտասարդ ուսանողները համախմբված պարեցին հայկական քոչարին, կատարեցին հիմնը եւ եռագույն փուչիկներ բաց թողեցին կապույտ երկինք: Միջոցառման վարողները ընթերցեցին այն ուսանողների անունները, ովքեր կռվել եւ զոհվել էին հանուն հայրենիքի:
Ռաֆիկ Քարամյանի խոսքով կարճ ժամանակահատվածում ՀՀ ամենամեծ ուսանողական կառույց ունեցող ուսանողական խորհուրդը նմանատիպ տարբերակով երիտասարդների մեջ փորձում է սերմանել ռազմահայրենասիրական ոգի, որովհետեւ ՀՀ ամենագլխավոր եւ կարեւոր քայլերից մեկը դա է.
«Հայաստանից արտագաղթ կա, ներքաղաքական խմորումներ, այդ իսկ պատճառով որոշել ենք երիտասարդներին համախմբել մի գաղափարի շուրջ, որով մեր նախնիները եւ ուսանող ազատամարտիկները առաջ են շարժվել: Եղել են բազմաթիվ հայրենասերներ, որոնք թողնելով ընտանիքը եւ ուսումը, գնացել են մարտի դաշտ եւ ապահովել մեր ազատությունն ու անկախությունը: Որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ասել, որ անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարելով մնալ հայրենիքում եւ պայքարել հանուն բարեկեցիկ կյանքի»:
Կարդացեք նաև
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Սերոբյանի համոզմամբ, տարիներ շարունակ Հայաստանը հալածանքների է ենթարկվել, հետեւաբար անկախությունը մեծ նշանակություն ունի: Արյան եւ պատերազմի գնով ենք վաստակել ազատությունը, պետք է այն պահել եւ միայն առաջ գնալ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ