Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքի ներկայացուցիչ. «Հայաստանը եվրոպական պետությունների աչքին «թոզ է փչում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 16:22

Եզդի ժողովուրդը Հայաստանում ձուլվելու վտանգ է կանխատեսում

«Հայաստանի ժողովրդից կան ակնկալիքներ, իսկ Հայաստանի իշխանություններից`չկան »,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի անդամ Բորիս Մուրազին: Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ավելացրեց`«Ինչպես կարելի է ազգային փոքրամասնությունը ակնկալիք ունենա մի պետությունից, որը անտեսում է իր ժողովրդին»:

Հայաստանի Երիտասարդ եզդիների ասոցիացիա հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանն էլ խոսելով անկախ Հայաստանի 22 տարիների ձեռքբերումների եւ ազգային փոքրամասնությունների դերի եւ խնդիրների մասին, նշեց, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, եզդիները համարվել են Հայաստանի հասարակական գործընթացներում մեծ դերակատարում ունեցող հիմնական ազգային փոքրամասնությունը եւ որ եզդիները միշտ եղել են հայ ժողովրդի կողքին, ըստ նրա, դրա վառ ապացույցն էր Արցախյան պատերազմին 500-ից ավելի եզդիների մասնակցությունը, որից զոհ են գնացել 36 եզդի:

«Հայաստանը լիարժեք հանրապետություն է եզդիների համար, քանի որ անկախության ձեռքբերման գործում մեր չափաբաժինն ենք ունեցել, սակայն ինչքան էլ մենք մեզ լիարժեք քաղաքացի ենք համարում, այդուհանդերձ նկատվում են եզդիների խնդրով չմտահոգված կառավարող մարմիններ»,-ասաց Սաիդ Ավդալյանը` օրինակ բերելով եզդիաբնակ Սադոնց գյուղում ոչ անօրինական գործող մանկապարտեզի մասին, որի գործունեությունը ճիշտ է՝ դադարեցվել է, բայց, այդուհանդերձ, գաղտնի գործում է` որպես աղանդավորական հավաքատեղի, որն էլ հարվածի տակ է դնում եզդի ժողովրդի հավատքն ու մշակույթը:

Մանրամասները` տեսանյութում:

Անդրադառնալով անկախության տոնին` Սաիդ Ավդալյանը նշեց, որ սա նաեւ եզդիների տոնն է եւ որպես այս երկրի քաղաքացի` շնորհավորեց բոլորին. «Մենք յուրաքանչյուրս մեր գործով պետք է արժանի լինենք 22-ամյա հանրապետությանը»:

Ըստ նրա, ներկայացուցչական մարմիներում չունենալով ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող անձ, եզդի ժողովրդի համար դժվար է. «Եթե չկան այնպիսի մարդիկ, որոնք եզդիների խնդիրները կբարձրաձայնեն, այդ դեպքում անհրաժեշտ է գոնե եզդի պատգամավոր ունենալ եւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ժամանակ, եւ քաղաքական, եւ մյուս գործընթացներում, ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների, անհրաժեշտ է որոշակիորեն փոփոխություն կատարվի»: Նա որպես օրինակ բերեց Իրանի Իսլամական պետությունը, որտեղ որոշակիորեն պատգամավորական տեղեր են հատկացվում հայ համայնքին:

Թվարկելով եզդի ժողովրդի խնդիրները, Բորիս Մուրազին  ասաց` «Թոզ փչել» է  լինում, երբ տպագրվել է դպրոցական դասագրքեր` 55 000 եզդիների եւ 1500 քրդերի համար: Պետությունը 2 համայնքների համար  էլ տպագրել է 700-ական դասագիրք, այսինքն` 1500 քրդական համայնքի մեջ չի կարող 700 հոգի 2-րդ դասարանի երեխա լինել, դրանք, պարզապես, եվրոպական պետություններին որպես «պուպուշ պետություն» երեւալու միջոց է»:

Ըստ Սաիդ Ավդալյանի՝ 2008-ին տպագրված պատմության գրքում եզդիները ներկայացվում են` որպես քուրդ-եզդիներ, մինչդեռ պետք է գրվեր` եզդի. «Այլ գրքերում ավելի մեծ ազգային փոքրամասնություն են համարվում քրդերը, որոնց թիվը հասնում է 70 000, իսկ եզդիների մասին ոչ մի խոսք պատմության դասագրքերում: Ներկա սերունդը կարդալով՝ ոչ մի պատկերացում չի ունենա եզդի ժողովրդի գործունեության մասին»:

Եզդի համայնքնի համար կարեւոր խնդիր է նաեւ լեզվի հարցը, որն, ըստ նրանց, եզդիներին ձուլվելու վտանգի առաջ է կանգնեցնում. «Արդեն մի քանի դար հաստատված եզդի ազգը` լինելով հայ ժողովրդի կողքին, հանուն Հայաստանի զարգացմանն ու շենացմանը պատրաստ է մինչեւ վերջ կանգնել պետության կողքին»,-նշեց Սաիդ Ավդալյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30