Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ ձախողումների մասին. «Երկրի նախագահ կոչվածին ոչ ոք չդիմավորեց, դա նվաստացնող էր»

Սեպտեմբեր 20,2013 15:49

Անկախության տոնին ընդառաջ այսօր կայացած ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, թվարկելով այս 22 տարիների, կամ ավելի ճիշտ՝ առաջին չորս՝ 1991-1994թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության ունեցած ձեռքբերումները, անդրադարձավ նաեւ այդ 22 տարիների, կամ ավելի ճիշտ՝ 1998-ից մինչ այսօրվա ձախողումներին:

Որպես այդպիսիք, պարոն Մանուկյանը նշեց. «Մեր անկախությունը մենք թուլացրինք առաջին հերթին այն ժամանակ, երբ բոլոր էներգակիրները մեզ շրջանցեցին, Հայաստանը կորցրեց իր շրջապատի վրա ազդելու որեւէ լծակ: Բաքու-Ջեյհանը, երբ պիտի անցներ Հայաստանով, բայց շրջանցեց՝ մենք անկախությանը ամենամեծ հարվածը ստացանք, բոլոր էներգակիրները Հայաստանը շրջանցում են: Էներգակիրները անկախության կարեւորագույն գործոններն են:

Հաջորդ կորուստը եղավ, երբ մեր ամբողջ էներգահամակարգը տվեցինք այլ երկրի:

Մեծագույն կորուստ էր, երբ Ռոբերտ Քոչարյանը 100 մլն դոլարի փոխարեն ՀՀ ամբողջ ռազմավարական հիմնարկները տվեց ուրիշին:

Անկախությանը հարված էր, երբ Տիգրան Սարգսյանը վաճառեց մեր պահուստային ֆոնդի ողջ ոսկին: Դրանք անշրջելի կորուստներ են:

Ես մշակույթի մարդ եմ եւ ինձ համար մեծագույն կորուստ էր, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Հայաստանի մշակույթի տարբեր արժեքներ «գրուզավիկներով», Թուրքիայի տարածքով տարան Եվրոպա՝ Մոցարտի, Բեթհովենի ձեռագրերը, 11-րդ դարի ձեռագիր ավետարաններ եւ այլն… Ով ինչ ուզել է՝ տվել են…

Եվ հիմա վերջին դեպքերը, որոնցից ամաչում եմ, դա Մոսկվայի եկեղեցու բացումն էր, երբ անարժանապատիվ կեցվածքով, խեղճացած, նվաստացուցիչ կեցվածքով գնաց մի երկիր, որտեղ ոչ մի պաշտոնյա չդիմավորեց: Երկրի նախագահ կոչվածին ոչ ոք չդիմավորեց, դա նվաստացնող էր»:

Երբ հարց հնչեց, թե ինչի՞ արդյունքում Բաքու-Ջեյհանը չանցավ Հայաստանով, արդյոք չափից դուրս մեծ գին չպիտի վճարեինք դրա համար, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ղարաբաղյան հարցի լուծումն էր դրա բանալին: Եթե Ղարաբաղի հարցը լուծվեր մինչ այդ, կանցներ Հայաստանով»: Ի՞նչ լուծման մասին էր խոսքը՝ այս հարցին պարոն Մանուկյանը պատասխանեց մասամբ. «ԵԱՀԿ-ի առաջարկներն էին, դա շատ երկար է … Դրանք այն առաջարկներն են, որ 1997թ. առաջարկվեց Տեր-Պետրոսյանին, որի դեպքում ամբողջ էներգակիրներն անցնելու էին Հայաստանով եւ մեր տնտեսությունը հսկայական օգուտ կստանար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30