Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. « Աղճատված, ցեց ընկած, ճիճու կերած անկախություն է, բայց…»

Սեպտեմբեր 20,2013 15:35

 «Մենք մեր անկախությունը կերտել ենք ազգովին: Նախկին ՍՍՀՄ տարածքում իրավաբանորեն ամենաանխոցելին մենք ենք կերտել մեր անկախությունը: Ոչ մի ուրիշ երկիր հանրաքվեով չի կերտել իր անկախությունը, արել են իրենց պառլամենտներով: Մեզ համար հիմք էր ծառայում նաեւ 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որն ընթերցելու պատիվն եմ ունեցել, եւ սա անկախության գործընթացի սկիզբն էր: Դրանից հետո 1991թ. մարտի 1-ին ԳԽ-ն որոշում կայացրեց անցկացնել հանրաքվե եւ 1991թ. սեպտեմբերի 21-ին մենք անցկացրինք հանրաքվե եւ սեպտեմբերի 23-ին ես կարդացի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ հռչակելու մասին»,- Հայաստանի՝ 22 տարի առաջ անցած ճանապարհը՝ անկախության ձեռքբերման համար ներկայացրեց այսօր «Հայացք» ակումբի հյուրը՝ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Անկախությունը մի ամբողջ համալիր է՝ դրոշ, զինանշան, դատարան, դրամ, անձնագիր եւ այլն…. Եվ ամենակարեւորը՝ հոգեբանություն, երբ մարդ գիտի, թե ինչ առավելություն է սեփական երկրում ապրելը, երեխա դաստիարակել, ստեղծագործել, դա հսկա հոգեբանական գործոն է, որը շատ ավելի կարեւոր է, քան մնացած ամեն ինչը: Երբ մարդ գիտի դրա առավելությունը սեփական երկրում ապրել, որը շատ ավելի կարևոր է, քան մնացածը: Ազատ ստեղծագործող լինում է միայն անկախ, ազատ երկրում: Ես ուզում եմ ձեզ շնորհավորել, որ մեր երկիրը լինի այդպիսին՝ ապահով եւ ստեղծագործող, որ երբեք չնախընտրել ստանալ այդ ազատությունն ու ապահովությունը Ֆրանսիայում կամ Կանադայում»,-պարոն Մանուկյանի այս խոսքերից հետո լրագրողները «խայթեցին»՝ «այս գաղջ մթնոլորտո՞ւմ»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ «գաղջ մթնոլորտը» կա, բայց մեր խնդիրն է ժողովրդին այդ մթնոլորտից դուրս գալու հույս ու հավատ բերելը, որ ինքն է երկրի տերը, ոչ թե գաղթ մթնոլորտ ստեղծողը»:

Պարոն Մանուկյանը խոստովանեց, որ երբ հռչակվեց անկախությունը, իր մեջ ներքին վախ կար, որ մեր անկախ հանրապետությունը կարող է նույնքան կարճ կյանք ունենալ, ինչպես 1918-20թթ Առաջին հանրապետությունը: Եվ միայն այն ժամանակ, երբ անցավ այդ «2,5 տարվա ռուբիկոնը», հանգիստ շունչ է քաշել:

«Անկախության առաջին տարիները՝ 1991-1994 թվականները, չնայած պատերազմին, ամեն օր Ազատության հրապարակ բերվող դիակներին, շրջափակմանը, երկրաշարժի հետեւանքներին, փախստականների հոսքին, յոթ հարյուր հազար մարդու տուն չունենալուն, էներգակիրների բացակայությանը, ամենաարդյունավետ տարիներն էին: Այդ ընթացքում Հայաստանը կարողացավ կանգնեցնել անկախ հանրապետության բոլոր հիմնասյուները՝ դատարան, վալյուտա, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր սեփականություն, սեփական բանկային համակարգ, բանակ, եւ այլն, եւ այլն… Լավ թե վատ, հեշտ թե դժվար՝ այլ հարց է, բայց որ այդ բոլոր ինստիտուտները երեք տարվա ընթացքում կայացան, դա փաստ է»,-ասաց պարոն Մանուկյանը:

Արամ Մանուկյանը վստահ է, որ այս ամենից հետո մեր անկախությունն արդեն անշրջելի է՝ չնայած բոլոր խնդիրներին. «Աղճատված, ցեց ընկած, ճիճու կերած անկախություն է, բայց դա չի նշանակում, թե անվերադարձ կորցված է: Այդպես չէ, քանի որ ունենք երիտասարդություն, ունենք հաղորդակցության միջոցները, ինչը չունեինք 1991-ին, եւ հետո դեռ կա, ապրում է անկախությունը բերած, անկախությունը հռչակած սերունդը: Եթե անկախության համար պայքարի հիշողությունը մեջդ է, չես զիջի երբեք քո անկախությունը: Մենք բոլոր արգելքները կհաղթահարենք, մի անհանգստացեք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30