ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու, ապօրինի վարձատրություն ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ն.Ղարաբեկյանը և նույն ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ն.Կոստանյանն օժանդակել են սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Վարժապետյանին՝ անհատ ձեռնարկատերից եւ ՍՊԸ-ի տնօրենից զգալի չափերով կաշառք ստանալուն:
Քրեական գործի նյութերով պարզվել է նաև, որ Ն.Ղարաբեկյանը, ի պաշտոնե շփվելով սննդի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ, տարբեր անձանց իրացրել է սննդի ոլորտում աշխատելու իրավունք վերապահող կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկներ: Բացի այդ, մի քանի սննդի արտադրամասերում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խախտումները չարձանագրելու, տարեկան ստուգումներ չնախաձեռնելու համար պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն։
Քննության տվյալներով, մի քանի տասնյակ կեղծ «Անձնական սանիտարական/բժշկական» գրքույկները Ն.Ղարաբեկյանը ձեռք է բերել Ն.Կոստանյանից, իսկ վերջինս էլ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ա.Մկրտչյանից, ով անձամբ է պատրաստել կեղծ գրքույկները՝ օգտագործելով կեղծ դրոշմակնիքներ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Ա.Մկրտչյանը իր ծանոթ խառատ Ա.Նալբանդյանին, ով 1990-99թթ. աշխատելով տարբեր տպարաններում որպես բանվոր եւ տիրապետել է տպագրության ոլորտի համապատասխան մասնագիտական գիտելիքների ու հմտությունների, պատվիրել և նրանից ձեռք է բերել պոլիկլինիկայի կեղծ կնիք և բժիշկների տարբերանշաններով 11 հատ կեղծ դրոշմակնիքներ: Այնուհետև, օգտագործելով նշված կեղծ կնիքներն ու կեղծելով բժիշկների ստորագրությունները, Ա.Մկրտչյանը պատրաստել և Ն.Կոստանյանին իրացրել է «Անձնական սանիտարական/բժշկական» կեղծ գրքույկներ։
Կարդացեք նաև
Քննությամբ պարզվել է նաեւ, որ Ա.Նալբանդյանը կեղծ դրոշմակնիքները պատրաստել է այն ընկերությունում որտեղ աշխատելիս է եղել որպես խառատ։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ղարաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն.Կոստանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Մկրտչյանին և Ա.Նալբանդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված երեք անձինք ազատվել են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում աշխատանքից։
Հիշեցնենք, որ Ա.Վարժապետյանի վերաբերյալ մասը դատարան է ուղարկվել 2012 թվականին եւ դատաքննությամբ հիմնավորվել է վերջինիս առաջադրված մեղադրանքը։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: