Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանցը՝ սեպտեմբերի 21-ի մասին. «Դա ՀՀՇ-ի ամբիցիաների արդյունք է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 14:23

«Առաջին անկախության վերականգնման օրը եղել է մայիսի 28-ը, այլ ոչ թե սեպտեմբերի 21-ը: Այն արհեստական նշանակված օր է: Մայիսի 28-ի նշանակությունը թերագնահատելը եղել է մեր ամենամեծ սխալը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Շարունակելով սեպտեմբերի 21-ի՝ որպես տոն նշելու հարցը՝ քաղաքագետը նկատեց. «Մենք սա տոն ենք համարում և արդեն 22 տարի ապրում այդպես: Բայց մյուս կողմից մենք պատմությունը վերածել ենք կեղծ կատեգորիայի, իբր թե պատմությունը ՀՀՇ-ից պիտի ստեղծվի, իբր նրանք են եկել ու ասել, որ հանրաքվեն պիտի սեպտեմբերին լինի և սեպտեմբերի 21-ին  հռչակվի անկախությունը: Սա նրանց  ամբիցիաների արդյունքն է»:

ՀՀ-ին պե՞տք է անկախությունը, թե՝ ոչ հարցին, պարոն Շաքարյանցը այսպես պատասխանեց. «Այն ազգերի համար, որոնք իրենց պատմական ազգային շահերն ու խնդիրները լուծված են համարում, գուցե իմաստ ունի հրաժարվել ինքնիշխանության տարրերից՝ հանուն գլոբալ աշխարհի: Բայց մեր ազգը նրանցից չէ, մենք պիտի հասկանանք, որ եթե ունես ազգային չլուծված խնդիրներ, ապա չի կարելի հրաժարվել քո անկախության իրավունքից»:

Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ անկախությունը մեզ տրվել է, քանի որ մենք մայիսի 28-ի նման չենք պայքարել հանուն անկախության: Քաղաքագետը նաև հիշեցրեց Արցախի հիմնահարցի մասին. «Եթե Արցախի հիմնահարցը 1987-88-ից չզարգացնեինք, ապա մեզ հետ հաշվի չէին նստի»:

Մաքսային միություն-Ասոցացման համաձայնագիր երկընտրանքի կապակցությամբ, քաղաքագետն ասաց. «Ո՞վ է ավելի ինքնիշխան կաթոլիկ կենտրոն, Իտալիա՞ն, որ նստած սպասում է, թե ինչ կասեն իրեն՝ արդյոք պե՞տք է ռմբակոծել Սիրիայի քրիստոնեական համայնքները, թե՞ մենք: Եթե ասոցացվենք, նույնիսկ Իրանի հարցում մենք մեր ինքնուրույնությունը կորցնելու ենք: Դուք կարծում եք, որ Եվրամիության տարածքում գործ կտա՞ն ՀՀ-ի գործազուրկներին, բա իրենց գործազուրկների՞ն ինչ են անելու: Միամտություն է մտածել, թե այնտեղ ՀՀ-ի համար դրախտավայր է բացվելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30