Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կառույցներին՝ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Սեպտեմբեր 20,2013 14:19

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
տիկին Նավանեթհեմ Փիլեյին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող
պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցող
պարոն Խուան Մենդեսին

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքի պաշտպանության և աջակցության հարցերով հատուկ զեկուցող
պարոն Ֆրենկ Լի Ռյուին

ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով խորհրդատու
պարոն Վլադիմիր Շկոլնիկովին

ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
պարոն Բրեդլի Բուզետտոյին

Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոմիտեի նախագահ
պարոն Կլաուդիո Գրոսմանին

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար
պարոն Թյորբյորն Յագլանդին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
պարոն Նիլս Մուլժնիեկսին

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
պարոն Ժան-Կլոդ Մինյոնին

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար
պարոն Էդվարդ Նալբանդյանին

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար
պարոն Օլեքսանդր Պավլյուկին

Խոշտանգման կանխարգելման եվրոպական կոմիտեի նախագահ
պարոն Լաթիֆ Հուսեյնովին

ԴԻՄՈՒՄ
Քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ
քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ և խնդրում ենք ձեռնարկել միջոցներ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու ուղղությամբ:
2011 թ օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ընդհարում ՀՀ ոստիկանության և ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Ոստիկանները ծեծի են ենթարկել ակտիվիստներին և ձերբակալել, ընդ որում դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ շարունակվել է նաև ձերբակալությունից հետո: Միայն ոստիկանության աշխատակիցների ակնհայտ շինծու ցուցմունքների հիման վրա դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ 7 երիտասարդներից չորսի նկատմամբ: Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը` 3 տարվա, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով զուգորդվող խուլիգանություն կատարելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր /վտանգավոր/ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
Ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ դատարանը չի իրականացրել գործի պատշաճ, լիարժեք և բազմակորղմանի քննություն, հաշվի չառնելով բազմաթիվ վկայություններ և խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ:
Ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է դատական կարգով բողոքարկման փուլում: Տիգրան Առաքելյանը միջադեպի օրվանից մինչ օրս անազատության մեջ է, իսկ նրա փաստաբանների՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում նաև 2013 թ. սեպտեմբերի 18-ին ներկայացված միջնորդությունը 110 քաղաքացիների երաշխավորությամբ, հետևողաբար մերժվում են դատարանի կողմից:

Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ-ի դեկտեմբերի 10)
3-րդ հոդվածի`
«Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:»
5-րդ հոդվածի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:»
10-րդ հոդվածի
«Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:»
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան նույնպես սահմանում է անձի ազատության և անձնական անձեռնամխելիության, խոշտանգումներից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, քրեական մեղադրանքի առնչությամբ, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:
Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (հետայսու` ԵԽԽՎ) թիվ 1609(2008) բանաձևի կատարման վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 1620 (2008) բանաձևի 4.7.3 կետի համաձայն`
«Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների:»
«Քաղաքական բանտարկյալներ» հասկացության սահմանման վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևի 3-րդ կետի՝ համաձայն`
«Անձնական ազատությունից զրկված անձին պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ»՝
ա) եթե ազատազրկումը կիրառվել է ՄԻԵԿ և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճիև դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,
բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ օրինախախտման հետ առնչության,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,
դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ
ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և, ըստ երևույթին, կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»։
Հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի անդամ և ՀՀ Սահմանադրության ուժով՝ Հայաստանը կրում է պարտավորություն կատարել այս մարմինների շրջանակներում և դրանց հարակից կառույցների կողմից ընդունվող փաստաթղթերի պահանջները և հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին: Այնուամենայնիվ, մինչ օրս վերը նշված ՀԱԿ ակտիվիստների առնչությամբ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններով և նրանց ազդեցության տակ գործող դատարանների որոշումներով ոտնահարվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի արդյունքում ՀՀ-ն խախտել է մի շարք միջազգային պարտավորությունները: Մասնավորապես` Տ.Առաքելյանի ազատազրկումն ակնհայտորեն պայմանավորված է եղել իր ընդդիմադիր ակտիվիստ լինելու հանգամանքով և հիմնավորված է միայն ոստիկանների ցուցմունքներով: Մյուս երեք ակտիվիստներին սպառնում է քաղաքական բանտարկյալ դառնալու ճակատագիրը, եթե նրանց վերաքննիչ բողոքն առաջիկայում չբավարարվի և դատարանի վճիռը մտնի ուժի մեջ:
Մենք դիմում ենք մարդու իրավունքներով մտահոգ համաշխարհային և եվրոպական միջպետական կազմակերպություններին և կառույցնրին՝ հայցելով նրանց միջամտությունը՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից կատարելու մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ անհապաղ ազատ արձակելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և դադարեցնելու Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ անօրինական կերպով հարուցված քրեական գործը:
Ակնկալում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի կոնկրետ և արդյունավետ քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր կատարողականը բարելավելու ուղղությամբ՝ ապացուցելու ժողովրդավարական արժեքներին հետամուտ լինելու իր քաղաքական կամքը:
Ստորագրություններ
1. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
2. Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
3. Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
4. Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ
5. Միքայել Դանիելյան, Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
6. Ժաննա Ալեքսանյան, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
7. Գուլնարա Շահինյան, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ
8. Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ
9. Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ
10. Իզաբելա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
11. Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
12. Արման Սահակյան, «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
13. Վարդան Հարությունյան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
14. Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ
15. Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
16. Մարո Մաթոսյան, Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
17. Անահիտ Գևորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
18. Հրայր Սավզյան, «Ձախ այլընտրանք» ՀԿ
19. Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
20. Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ
21. Ծովինար Նազարյան, ակտիվիստ, «Խիզախ կին» 2012 (Հայաստան)
22. Զարա Հովհաննսիյան, հրապարակախոս, «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակ, երկրորդ մրցանակակիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30