Տիգրան Մարտիրոսյանի բարեգործության պատճառով 10-ից ավելի ընտանիքներ հնարավոր է՝ զրկվեն իրենց բնակարաններից: Բանն այն է, որ Տիգրան Մարտիրոսյանը տարբեր անձանց ընդհանուր առմամբ 170 հազար դոլար գումար է տրամադրել, պայմանագիրը ձեւակերպել է որպես պարտք, սակայն իրականում Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսից մի քանի անգամ բարձր տոկոսով է այդ գումարները տվել, ինչը օրենքով անթույլատրելի է: Տիգրան Մարտիրոսյանը հիմա դատի է տվել այն 10 անձանց, ում տոկոսով գումար է տվել, չնայած որ տարիներ շարունակ այդ մարդիկ նրան պարբերաբար վճարումներ են կատարել:
Լուսինե Հակոբյանի ընտանիքը եւս տուժել է Մարտիրոսյանից. Լուսինեի մորեղբայրը 10 հազար դոլար է ստացել Մարտիրոսյանից, իսկ պայմանագրում տոկոսի մասին ոչ մի տող չի եղել, ընդ որում՝ նույն պայմանագրում ոչ թե 10 հազար դոլար է գրված եղել, այլ 16 հազար:
«Առավոտի» հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ տրված գումարից պայմանագրում ավելի գումար գրելը Մարտիրոսյանը պատճառաբանել է՝ «դե, իմ ստրախովկայի համար ա, բայց արխային եղեք, դա ոչ մի կապ չունի»: Լուսինեի պատմելով՝ «Երբ շտապ գումար է անհրաժեշտ լինում, աչքիդ էլ բան չի երեւում, ու մտքներովս չէր էլ անցնում, որ հնարավոր է՝ մեզ խաբեն, առավել եւս, որ տոկոսով Տիգրանի կողմից գումար տալու մասին հայտարարությունը «Շանթ» հեռուստատեսության վազող տողով էինք կարդացել, հեռախոսահամար էր գրվում, մտածել ենք՝ ամեն ինչ օրինական է, ու գնացել ենք գործարքին, մորս տունն էլ պարտքի դիմաց գրավ դրել»:
Լուսինեի մորեղբայրը՝ Աղասի Վարդանյանը, ամեն ամիս պարտաճանաչ 500 դոլար տոկոս է վճարել, սակայն դրա դիմաց ոչ մի կտրոն չի ստացել, 10 հազար դոլարից 7 հազարը Աղասին վճարել է, բայց երբ ի վիճակի չի եղել շարունակել վճարումները, Տիգրանին խնդրել է տոկոսները կանգնեցել, ինչը վերջինս հրաժարվել է անել: Որոշ ժամանակ անց Աղասին Տիգրանին առաջարկել է մնացած 3 հազար դոլարը վճարել ու այդպիսով պարտքից ազատել, սակայն Տիգրանը նորից հրաժարվել է՝ պահանջելով 20 հազար դոլար՝ տոկոսները գումարած: Այս գումարը Աղասի Վարդանյանն ի վիճակի չէր վճարել, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դիմել է դատարան՝ կամ գումարը ետ ստանալու պահանջով, կամ՝ գրավ դրված բնակարանը:
Կարդացեք նաև
Հասկանալով, որ Տիգրան Մարտիրոսյանը բացահայտ խարդախության է գնում, այս ընտանիքը որոշել է դիմել ոստիկանություն, նախաքննական մարմինն էլ պարզել է, որ Տիգրան Մարտիրոսյանը վաշխառությամբ է զբաղվել, իսկ նրա տուժողները 8 ընտանիքներ են, գործն ուղարկել է դատարան, մեղադրանք է առաջադրել, որ Տիգրանը որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 տոկոս տոկոսադրույքով գումարներ է տվել:
Առաջին ատյանի դատարանը Տիգրան Մարտիրոսյանին անմեղ է ճանաչել: Լուսինե Հակոբյանի պատմելով՝ «Տիգրանը դատարանում կանգնեց ասաց՝ ես բարերար եմ, քաղաքի առաջին գրանցված միլիոնատերերից եմ ու այս մարդկանց լավություն եմ արել պարտքով փող եմ տվել: Իսկ դատավորի մտքով չի էլ անցել, որ մոտ 200 հազար դոլար տարբեր մարդկանց տարբեր չափի փող է տվել, անծանոթ մարդկանց լավություն անելը կասկածելի է: Ինչո՞ւ պետք է անծանոթներին հենց այնպես այդքան փող տան»:
Տիգրան Մարտիրոսյանի հետ կնքած «բարեգործական» գործարքից տուժել է նաեւ Անահիտ Դոխոյանը, որին իր 7 երեխաների հետ, դատարանի որոշմամբ, տանից պետք է վտարեն:
Նախաքննական մարմնի կողմից որպես վաշխառու «կնքված» Տիգրան Մարտիրոսյանին առաջին ատյանի դատարանի անմեղ ճանաչելուց հետո՝ տուժողները դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն անկախ նրանից, որ դատավորի կամ փաստաբանների գոնե ներքին համոզմամբ՝ Մարտիրոսյանն իրոք վաշխառությամբ է զբաղվել, սակայն Աղասի Վարդանյանի փաստաբան Կարո Աղաջանյանի ներկայացմամբ՝ վաշխառությունը դժվար ապացուցելի է, հատկապես, որ պայմանագիրը կազմված է եղել անթերի:
Փաստաբանի խոսքերով՝ Վերաքննիչ դատարանում Մարտիրոսյանի՝ վաշխառությամբ զբաղվելու միակ ապացույցը կարող է լինել Լուսինեի եւ Մարտիրոսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը հենց Լուսինեն է արել, սակայն դատարանն այդ ապացույցը համարում է անօրինական:
Այդ հեռախոսազրույցում, ինչպես մեզ ասացին փաստաբանն ու Լուսինե Հակոբյանը, Մարտիրոսյանը պարզ խոսում է տոկոսով գումար տալու մասին: Փաստաբանի ներկայացմամբ՝ «Ձայնագրության մեջ Տիգրանն ամբողջությամբ ընդունում է, որ տոկոսով է փող տվել, նույնիսկ Լուսինեի քեռուն էշ է ասել, իբր թե վերցրել է գումարն այդքան բարձր տոկոսով ու տարել քնացրել, պայմանագրով 3 տարին լրացել է, ինքն էլ քաղաքացիական դատարանով ուզում է հետ ստանալ փողերը՝ տոկոսներով»:
Ինչ վերաբերում է վաշխառության ապացույց ձայնագրությանը, ապա այն դատարանը անօրինական է համարում, քանի որ Լուսինեն Մարտիրոսյանին ձայնագրելով՝ անձի հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքն է խախտել, փաստաբանի ասելով՝ դատարանի սանկցիա չի եղել անձի հեռախոսազրույցը ձայնագրելու. «Լուսինեն պնդում է, որ չի խախտել անձի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը, քանի որ նախապես զգուշացրել է նրան, այսինքն՝ ձայնագրությունը պետք էր ընդունել որպես այլ ապացույց՝ ճանաչել որպես դատավարական կարգով ձեռք բերված օրինական ապացույց»:
Մեր այն հարցին՝ մի՞թե դատարանի համար բավարար չէ, որ մոտ 200 հազար դոլար անծանոթներին պարտքով է տրվել, եւ մյուս անձանց, որոնք այս գործով չեն անցնում, որպես վկա հրավիրե՞լ են դատարան, պարոն Աղաջանյանն ասաց, որ եթե անգամ միջնորդեր վկա բերել, ապա կմերժվեր. «Քանի որ նախ՝ մյուս անձինք քաղաքացիական դատարանով են քննվում, եւ քաղաքացիականում դեռ դատավճիռ էլ չկա, իսկ մեր գործով քրեական դատարանը վկա հրավիրելու միջնորդությանը կասեր, որ նա սրա հետ կապ չունի: Այդ անձինք եթե ասեին էլ, որ այո՛, բարձր տոկոսով ենք վերցրել, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահ մարմիններին չեն դիմել: Եվ հետո՝ կա անմեղության կանխավարկած, ասենք՝ հնարավոր է մարդը 1000 հոգու դեպքում վաշխառությամբ է զբաղվել, բայց կոնկրետ մի գործով՝ ոչ: Վաշխառությամբ զբաղվելու միակ ապացույցը հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է: Իսկ դատավորի ներքին համոզմունքը պետք է մեկտեղվի օրենքով»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ