Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաշի մանուկներին տեղավորել են այլ մանկապարտեզներում

Սեպտեմբեր 20,2013 14:12

Դեռ պարզ չէ՝ մանկապարտեզը հրավառությունի՞ց, թե՞ հոսանքալարերի կարճ միացումից է հրդեհվել

Մոտ երկու ամիս առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 123 մանկապարտեզում բռնկված հրդեհի պատճառով հիսունից ավելի երեխաներ այս սեզոնին զրկվեցին մանկապարտեզ հաճախելուց: Եվ քանի որ մայրաքաղաքի մանկապարտեզները անվճար լինելու հետեւանքով գործում են գերծանրաբեռնված, այդ մանուկների՝ մանկապարտեզ հաճախելու հարցը մի որոշ ժամանակ չէր լուծվում:

Ճիշտ է, թիվ 123 մանկապարտեզի շենքը հին էր, տանիքը՝ բաղդատից, բայց վերջերս էր վերանորոգվել եւ գույքով թարմացվել: Նշենք, որ ըստ չճշտված տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել էր հարեւանությամբ գործող խրախճանքի օբյեկտներից մեկում տեղի ունեցած հրավառությունից, եւ քանի որ մանկապարտեզի տանիքը բաղդատից է եղել, կայծից կրակ է առաջացել:

Ի դեպ, Նորք-Մարաշում գործող ռեստորանները, որոնք պարբերաբար   հրավառություն են կազմակերպում, շատ հաճախ են խախտում հրավառությունների համար քաղաքապետարանի սահմանած ժամանակը՝ «դիվադադար» անելով հարեւանությամբ ապրող բնակիչներին:

«Առավոտը» Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Նշենք, որ թաղապետարանը հարցը ներկայացրել էր Երեւանի քաղաքապետարան, որտեղ էլ պետք է որոշեին այդ երեխաների հարցը: Պարոն Մկրտչյանը վստահեցրեց, որ բոլոր երեխաները արդեն բաշխվել են Նորք-Մարաշում  գործող երկու՝ թիվ 121 եւ 122 մանկապարտեզների վրա: Մեր այն դիտարկմանը, թե առանց այդ էլ մանկապարտեզները գործում էին գերծանրաբեռնված, ինչպես շատ հաճախ վերջերս վստահեցնում էին քաղաքապետարանի պատասխանատուները, արդյոք թույլատրելի՞ էր այդ երեխաներին էլ նրանց գումարել, Վարազդատ Մկրտչյանն ասաց, որ երեխաների համար ստեղծել են համապատասխան պայմաններ՝ մինչեւ որ թիվ 123 մանկապարտեզը վերանորոգվի:

Իսկ թե որն է եղել հրդեհի իրական պատճառը եւ որքան վնաս է հասցվել հրդեհի հետեւանքով՝ պարոն Մկրտչյանն ասաց. «Փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն»:

«Առավոտի» հարցին նույն պատասխանը տվեց նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը: Ըստ նրա՝ այդ հարցով զբաղվում է «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է շինարարական, հրդեհատեխնիկական փորձաքննություն, որից էլ պարզ կդառնա հրդեհի իրական պատճառը եւ նյութական վնասի չափը:

Ըստ Ֆաինա Վարդանյանի՝ նախարարության մասնագետները, նախնական գնահատականով, հրդեհի հավանական պատճառ են նշել մանկապարտեզի տանիքում էլեկտրալարերի կարճ միացումը. «Բայց մենք սպասում ենք փորձաքննության պատասխանին»,- ասաց Ֆ. Վարդանյանը:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30