Թեև Հայաստանում սելեկտիվ աբորտների շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակը մեղմելու համար կառավարությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ առնել` օրենսդրական փոփոխությունների միջոցով արգելելով տեղեկություններ տրամադրել պտղի սեռի վերաբերյալ առնվազն մինչև 22 շաբաթական հղիությունը, այնուամենայնիվ շատերը թերահավատ են, թե դա մեծ հաշվով ինչ-որ բան կփոխի:
«Համոզված եմ, որ ուղղակի վերցնել և ճակատային մտցնել արգելքը՝ բերելու է ընդամենը կոռուպցիոն ռիսկերի աճին»,- «Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` նշելով, որ արդյունավետ աշխատելու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել:
Թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր երկրում ընտրովի աբորտների առկայությունը, այնուամենայնիվ, 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունն ավելի ակնառու ցույց տվեց, որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին լույս աշխարհ գալու՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Այս ամենի հետևանքով 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց կազմելով 114 տղա (2012) այն դեպքում, երբ նորմայի դեպքում պետք է 102-106 լիներ:
«Իրականացված հետազոտությունը հաստատեց, որ նորածինների սեռերի շեղված հարաբերակցությունը նախածննդյան փուլում երեխայի սեռի ընտրության հետևանք է,-նշված է «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ, և այն ցույց տվեց, որ Հայաստանը տարեկան կորցնում է շուրջ 1400 աղջիկ, ինչը մեծ հարված է Հայաստանի` առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդագրական իրադրությանը»:
Կարդացեք նաև
Ըստ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի՝ հաշվի առնելով ստեղծված մտահոգիչ վիճակը և առկա մարտահրավերները, աշխատանքներ են կատարվում օրենքը խստացնելու և վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:
«Այժմ աշխատանքներ են կատարվում օրենսդրական նախաձեռնության շուրջ: Այդ սահմանափակումը պետք է աշխատի,- հույս ունի Ավագյանը: – Պիտի նաև տեսնենք՝ ռիսկեր կարող են լինել: Վերահսկում իհարկե կլինի ծննդատան ղեկավարության կողմից, որպեսզի սեռի մասին բժիշկներն ինֆորմացիա չտրամադրեն»:
Սակայն բոլոր չէ, որ լավատես են: 52-ամյա բնակչուհի, մասնագիտությամբ խոհարար Լուսիկ Համբարձումյանն ասում է, որ առանց տղայի ընտանիքը ընտանիք չէ, ու մարդիկ ամեն ինչ կանեն իրենց նպատակին հասնելու համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ