Լրահոս
Օրվա լրահոսը

«Դափնեկիրների տեղը օպերային թատրոնն է»

Սեպտեմբեր 20,2013 13:35

Ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը՝ հաղթանակած հայ վոկալիստների մասին

Մեր վոկալիստներն արտերկրում մշտապես առանձնացել են միայն հային բնորոշ առանձնահատկություններով, այն է՝ բնաշխարհից բխող տեմբրային,  գենետիկ-մշակութային… Այն, ինչ կատարվեց վերջերս  Մոլդովայում, հաստատումն է այդ օրինաչափությունների. Քիշնեւում սեպտեմբերի 6-15-ը կայացած Մարիա Բիեշուի անվան օպերային երգիչների  միջազգային մրցույթում մրցանակային 6 տեղերից 4-ը, ինչպես նաեւ «Հանդիսատեսի համակրանքը» շահեցին մերոնք: Մրցույթին մասնակցում էր 35 երգիչ՝ 15 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Ճապոնիա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Գերմանիա, Ռումինիա եւ այլն: Ելենա Օբրազցովան, որ պետք է ղեկավարեր ժյուրիի աշխատանքները, հիվանդության պատճառով չի ժամանել եւ նրան փոխարինել է դարձյալ ճանաչված արվեստագետ Ռոբերտո Գարսիա Լորկեսը (Անգլիա): Ժյուրիի 6 անդամների թվում է եղել ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը: Ի դեպ, երկրորդ անգամ կայացած, մոլդովացի օպերային դիվայի անունը կրող  մրցույթը համընկնում է այս տարի  21-րդ անգամ անցկացված Մարիա Բիեշուի անվան միջազգային փառատոնին եւ Քիշնեւի օպերային թատրոնի խաղաշրջանի բացմանը: Խաղաշրջանը, ի պատիվ Վերդիի ծննդյան հոբելյանի, մեկնարկել է թատրոնի շրջակա հրապարակում՝ «Աիդա» օպերային ներկայացմամբ:

«Առավոտի» հետ զրույցում Բարսեղ Թումանյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու իրավունք ստացել էին երգիչներ, որոնց ուղարկած ձայնագրությունները գոհացրել էին մրցույթի կազմակերպիչներին:  «Եզրափակիչ  փուլում հայաստանցի 6 կատարողներից ընտրվեց 4-ը՝ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), որ գրավեց 2-րդ տեղը, Հովհաննես Ներսիսյանը (բաս)՝ 3-րդ, Տաթեւիկ Աշուրյանը (սոպրանո)՝ 5-րդ եւ Հայկ Թոնգուրյանը (տենոր)՝ 2-րդ տեղերը: Վերջինս արժանացավ նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Գրան պրի չշնորհվեց ոչ մի մասնակցի, առաջին մրցանակն էլ կիսեցին Բելառուսը ներկայացնող Յուլյա Տերեսկինան եւ Պավել Պետրովը, որոնք արժանացան 10.000 եվրո դրամական մրցանակի: Ընդհանրապես մրցույթի մակարդակը բարձր էր եւ ոչ պակաս կարեւոր հանգամանք. հայ կատարողներին թե հանձնախումբը եւ թե հանդիսականը շատ սիրեց: Հայկական վոկալ արվեստը այս անգամ էլ տարբերվեց իր նրբերանգներով եւ այլնով»,- հայտնեց մեր զրուցակիցը, հավելելով նաեւ, թե ստիպված էր ժյուրին որոշ մրցանակներ կիսել, քանի որ իսկապես 10 երգիչ արժանի էր դափնեկրի կոչում ստանալու:

Հարցին, թե մրցույթում հայերին սիրեցին, իսկ ի՞նչ է սպասվում նրանց հայրենիքում, պարոն Թումանյանը պատասխանեց. «Ցանկացած մրցույթում հաղթանակ տանել՝ դեռ չի նշանակում բավարարվել ձեռքբերածով: Ոչ միայն երգիչը, այլեւ ցանկացած արվեստագետ իր ողջ բեմական-ստեղծագործական  կյանքի ընթացքում պետք է ձգտի ու ձգտի կատարելության: Ինչ վերաբերում է դափնիներով վերադարձած մեր երգիչների հետագա ճակատագրին, ապա «լուծումը» մեկն է՝ նրանց պետք է իրենց հովանու տակ վերցնեն մշակույթի նախարարությունն ու օպերային թատրոնը: Ուզում եմ ասել, որ դափնեկիրների տեղը միանշանակ օպերային թատրոնն է: Գնալով մեզանում բացահայտվում են իսկապես նոր տաղանդներ, բայց քանի որ վերջին շրջանում նրանց մեծ մասը հեռանում է երկրից, վստահորեն կարող եմ ասել, որ դա ոչ միայն ինձ, այլեւ հայաստանցիներիս հուզող թիվ 1 հարցն է: Ինչո՞ւ, որովհետեւ պատճառը բոլորիս հայտնի է՝  հեռանում են անարդարությունից եւ սոցիալական վիճակից»:

Կանխելով մեր հաջորդ հարցը, Բարսեղ Թումանյանը կարեւորեց նաեւ միջազգային մրցույթներում վաղուց հաստատված մի իրողություն, ասելով. «Նման միջոցառումներին ներկա են լինում ոչ միայն մենեջերներ ու իմպրեսարիոներ, այլեւ օպերային թատրոնների տնօրեններ,  գեղարվեստական ղեկավարներ եւ նրանց շնորհիվ է, որ, ասենք, բարեկամություն է հաստատվում այս կամ այն թատրոնների միջեւ, կատարվում երգիչների փոխանակումներ, ստացվում հրավերներ եւ այլն: Մինչդեռ մեր երկրում պարզապես չկա մենեջմենթի ինստիտուտը, որը մեծ հաշվով կհեշտացներ երգիչների  կարիերան»:

«Առավոտը» կապվեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ՝ իմանալու, թե արդյո՞ք մեր դափնեկիր երգիչները կհամալրեն թատրոնի մեներգիչների կազմը: «Եթե չեմ սխալվում, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Հայկ Թոնգուրյանը դեռեւս  կոնսերվատորիայի ուսանողներ են եւ չի բացառվում, որ առաջիկայում նրանք բեմ բարձրանան մեզ մոտ: Ինչ վերաբերում է Լիպարիտ Ավետիսյանին եւ Տաթեւիկ Աշուրյանին, այս երիտասարդ արվեստագետներն արդեն մեր թատրոնում են»,- հայտնեց պարոն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ հայ վոկալիստների՝ մրցույթին մասնակցելը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անի says:

    Հարգելի Սամվել Դանիելյան Հայկ Թոնգուրյանը 6-րդ տեղում է, իսկ մրցանակը շնորհել են Լիպարիտ Ավետիսյանին:

  2. Անի says:

    Հանդիսատեսի համկրանքին արժանացել է Լիպարիտ Ավետսիյանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30