Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Սեպտեմբեր 20,2013 13:27


«Միշտ մեծերի հետ էր խորհրդակցում»

Նորայրենց հյուրասենյակի պատի ամբողջ երկայնքով ձգվում է մի մեծ գրապահարան՝ ծանրացած բազմաթիվ ու բազմապիսի գրքերով: Նորայրի մայրը՝ Անահիտը, հիշում է, որ որդին ընկերներին կատակով ասում էր, թե գրապահարանի ներքեւի շարքի գրքերը կարդացել է, բայց վերեւի շարքին հասակը չի հասնում, որ կարդա:

«Ինքն իրականում շատ բարձրահասակ էր ու կարդացել էր մեր տան գրեթե բոլոր գրքերը, բայց միշտ կատակում էր, թե բոյը չի հասնում վերեւի գրքերին: Շատ էր սիրում կարդալ, Ռուսաստանում սովորելու տարիներին էլ շատ գրքեր էր առել, կարդացել ու հետը բերել էր»,- պատմում  է Անահիտը:

Նորայր Հովհաննիսյանը ծնվել է 1978թ. նոյեմբերի 6-ին: Սովորել է Արարատ քաղաքի 4-րդ միջնակարգ դպրոցում: Ծնողները հիշում են, որ Նորայրը դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ, իսկ դասավանդվող առարկաներից ամենաշատը սիրել է ֆիզիկան, մաթեմատիկան եւ պատմությունը:

«Հայաստանի անկախացման տարիներին ընդամենը 12-13 տարեկան էր, բայց շատ հետաքրքրված էր այդ ժամանակվա քաղաքական իրադարձություններով, անընդհատ խոսում էր, հարցեր էր տալիս: Շատ էր ոգեւորված Հայաստանի անկախացման գաղափարով: Նույնիսկ մի անգամ դպրոցում հանել էր կարմիր վզկապը ու թափահարել: Քանի որ ինքը լավ սովորող էր ու օրինակ էր շատերի համար, համադասարանցիներն էլ էին նույնը կրկնել: Դրա համար մեզ դպրոց կանչեցին ու բողոքեցին»,- պատմում է Նորայրի հայրը՝ Լեւոն Հովհաննիսյանը:

Նորայրն ընտանիքի ավագ որդին է, ունի իրենից երկու տարով կրտսեր եղբայր:

«Մինչեւ բանակ գնալը մտերիմ էինք շատ, բանակից հետո գրեթե չհանդիպեցինք: Ինքը գնաց ծառայության, հետ եկավ, ես գնացի ծառայության, իմ զորացրվելուց հետո էլ ինքը գնաց արտերկիր՝ սովորելու: Միայն վերջին տարին հասցրեցինք մտերմանալ, երբ Նորայրն ուսումն ավարտելուց հետո վերադարձավ տուն, բայց կարճ ժամանակ անց էլ մեկնեց աշխատելու»,- ասում է Նորայրի եղբայրը՝ 32-ամյա Էդգար Հովհաննիսյանն ու հիշում փոքր տարիքում եղբոր հետ միասին արած մանկական չարաճճիությունները: «Տանն ինչքան լամպ կար՝ կոտրել էինք: Երեխա ժամանակ շատ էինք կռվում, վազվզում, սիրում էինք խաղեր հորինել ու խաղալ միասին»,- հիշում է Էդգարը:

1998թ. ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Նորայրը որոշում է ռազմական բարձրագույն կրթություն ստանալ:

Հայաստանում քննությունները հանձնելուց հետո մեկնում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք, որտեղ 5 տարի բարձր առաջադիմությամբ ուսանում է ռազմական ինստիտուտում եւ ձեռք է բերում սակրավորի մասնագիտություն: Ուսում ստանալուց հետո Նորայրը վերադառնում է Հայաստան եւ անցնում ծառայության:

Ծնողները հիշում են նաեւ, որ իրենց որդին շատ ընկերասեր էր ու նախընտրում էր իրենից տարիքով մեծերի հետ ընկերություն անել:

«Միշտ մեծերի հետ էր խորհրդակցում: Իր ասածը պարտադիր կատարում էր, մտքին դրածը պետք է իրագործեր: Շատ լավ զրուցակից էր, շուտ ընկալում էր խոսքը: Ընկերական շրջապատում մեծ սեր էր վայելում: Ընկերները շատ հաճախ էին մեր տանը հավաքվում»,- ասում է հայրը:

Տիկին Անահիտը հիշում է, որ որդին տարվա եղանակներից ամենաշատը սիրում էր ամառը: «Շատ էր սիրում ամռանը տարբեր վայրեր գնալ, ու թեեւ ծնողներս Ջերմուկում էին ապրում եւ հաճախ էինք մեկնում այնտեղ հանգստանալու, բայց ինքն, ի տարբերություն կրտսեր եղբորը, չէր սիրում մեզ հետ մնալ, պետք է մենակ լիներ, ազատ»,- ասում է մայրը:

Նորայրը նաեւ նկարչությամբ էր զբաղվում: «Ճիշտ է՝ խմբակ երկար ժամանակ չհաճախեց, բայց բավականին լավ նկարում էր: Բանակում մեզ համար խաչ էր նկարել ու մեզ նվեր բերեց, հիմա իր նկարած խաչն իր նկարի կողքին է կախված»,- ասում է մայրը:

«Արդեն 8 տարի է՝ մեզ հետ չի, բայց միշտ մեր սրտում է»,- թախիծով ասում է որդեկորույս հայրը:

Նորայր Հովհաննիսյանը զոհվել է 2005թ. նոյեմբերի 18-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 27 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

norayri-mayry-ev-eghbayry

Նորայրի մայրը եւ եղբայրը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30