Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանի հետ::
Տեղի ունեցավ «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով քննարկում:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը կարևորեց հայապահպանության, ազգային անվտանգության, պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու խնդիրներին վերաբերող նման համահայկական քննարկումները և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով հայ ժողովուրդը կարող է հաղթահարել դրանք և Սփյուռքը մեծ դերակատարություն ունի այդ գործում: «Ես կարծում եմ, որ քննարկումը շատ տպավորիչ է և ներկայացուցչական ու կօգնի գործունեության, ազգային մարտավարության նոր մեխանիզմներ մշակել, գործնական արդյունքներ ստանալ». նշեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստանի անվտանգության առաջնահերթությունների մասին զեկուցումից հետո
Արթուր Բաղդասարյանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին:
Կարևորելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի դերը համազգային հիմնախնդիրների լուծման գործում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց քննարկումը և շնորհակալություն հայտնեց կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ