Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:
Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մրցաշարի շրջանակում «Խաղաղության շարժում» միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի «Պատվավոր անդամի» կոչում:
Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի ցուցադրական ելույթները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն