Այս օրերին ով չի ալարում, միալար լացուկոծ դրած կամ, հակառակը, անեծք-հայհոյանքի տուտը բռնած, մոխրաթաղ է անում Հայաստանի անկախությունը, որի վերականգնման 22-րդ տարեդարձը պատրաստվում ենք նշել վաղը` սեպտեմբերի 21-ին
Պատճառը հայտնի է. Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու ու Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելու ցանկության մասին երկրի ղեկավարի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ու ռուս գործընկերոջ հետ այդ մտադրություններն արձանագրող փաստաթղթի ստորագրումն է:
Ըստ որում, անցած երկու շաբաթը բավական էր՝ նկատելու համար, թե ողբասացներն ու պարզապես մտահոգվողները ի՞նչ զանգակատներից են ահազանգում: Պարզ է, որ այստեղ եւս որոշակի շերտեր կան, որոնցից մի քանիսն արժե առանձնացնել ու առնվազն հիշատակել:
Կա քաղաքական ուժերի եւ գործիչների, նրանց համակիր քաղաքացիների մի խումբ, որի համար Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունը իշխանություններին ու նախագահին սուր քննադատության ենթարկելու հարմար առիթ է:
Որոշակի իմաստով հասարակության ու քաղաքական դաշտի այս հատվածի նման արձագանքն ու խիստ գնահատականները, պիտակող մեղադրանքները կարելի է սպասելի համարել: Հազիվ թե նրանք, սազն առած, սկսեին նախագահի գովքն անել՝ Մաքսային միության առնչությամբ հնչեցված հայտարարությունից հետո, մանավանդ որ մինչ այս էլ նման գովաբանությամբ կարծես աչքի չէին ընկել: Իսկ չարախնդալն ու փնովելը այս խմբի ներկայացուցիչներից շատերի համար արդեն ընթացիկ իրադարձությունների ընկալման ու գնահատման հիմնական մոտեցումն են դարձել:
Բացասական արձագանքողների, ավելի ճիշտ, անկախության կորստի մասին ու նմանօրինակ հայտարարություններով հանդես եկողների մյուս խմբում հիմնականում «արեւմտամետ» կողմնորոշմամբ դիրքավորվողները կամ ուղղակի «արեւմտյան սնուցմամբ» ապրող շրջանակներն են: Հասկանալի է, նրանց մի մասի համար սա կենսական խնդիր է, ինչից ելնելով էլ համապատասխան քարոզչություն են իրականացնում:
Ճիշտ հասկանանք. քննադատությունը բնական ու նորմալ է: Սակայն ի՞նչ կարիք կա քննադատությանը զուգահեռ Հայաստանի կործանումն ու անկախության կորուստը գուժել, մանավանդ երբ դա այդպես չէ:
Երրորդ պայմանական խմբում այն քաղաքացիներն ու շրջանակներն են, որոնք, նաեւ նման տեղեկատվական ու քարոզչական միջավայրով պայմանավորված, անկեղծորեն մտահոգված ու անհանգստացած են սեփական պետության հետագա ճակատագրով, իսկապես կարծում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը կվտանգվի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում: Ի դեպ, այս խմբի բազմաթիվ ներկայացուցիչների նման ընկալումները պայմանավորված են նաեւ իշխանության անբավարար տեղեկատվական գործունեությամբ:
Բայց, ցանկացած պարագայում, մի՛ շտապեք թաղել սեփական անկախությունը, եթե Հայաստանի Հանրապետությունն իրոք ձերն եք համարում:
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև