Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հեղինակը հավատում Թուրքիայի վարչապետի բացահայտ քարոզչական բնույթ ունեցող թվերին

Սեպտեմբեր 20,2013 12:14

Սեփական երկրի հանդեպ ատելությունը հասնում է նրան, որ սկսում ենք հակադրել Հայաստանն ու Թուրքիան` ի նպաստ վերջինիս: Նման մի հրապարակում վերջերս եղավ նաեւ մեր թերթում` «Երեւան-Ստամբուլ» վերնագրով (16.09.2013): Կարելի է, անշուշտ, դժգոհ լինել սեփական երկրից եւ քննադատել նրա իշխանություններին, բայց գերադասել թշնամի երկրին եւ գովերգել նրա իշխանություններին, դա արդեն, մեղմ ասած, իսկապես արտառոց է:

Վերոնշյալ հրապարակման մեջ հեղինակը գրում է. «Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայումՙ տարբեր աղբյուրներովՙ 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան»: Հիշեցնենք, որ Թուրքիայում 100 հազար հայաստանցիների մասին մի քանի տարի առաջ հայտարարեց այդ երկրի վարչապետ Էրդողանը, սպառնալով այն երկրներին, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ խոստանալով, որ այդ դեպքում ինքը կվտարի հայաստանցիներին: Ակհայտ է, որ տվյալ դեպքում Էրդողանը մեկտեղել էր թուրքական քարոզչությունն ու բիրտ սպառնալիքը: Դրանից հետո եղան հրապարակումներ Ստամբուլի «Ակօս» թերթում եւ թուրքական մի քանի այլ լրատվամիջոցներում, որ Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների թիվը չի գերազանցում 20 հազարը: Ինչո՞ւ է հեղինակը հավատում Թուրքիայի վարչապետի բացահայտ քարոզչական բնույթ ունեցող թվերին, այլ ոչ թե շատ ավելի իրատեսական ցուցանիշներին, թողնենք իր խղճին: Միաժամանակ չբացառելով, որ նա անտեղյակ կարող է լինել քիչ թե շատ իրական ցուցանիշներին:

Փորձելով մեկնաբանել Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ակնհայտորեն այդ երկիր մեկնելու համար որոշակի կոմպլեքսներ ունեն եւ ցանկանում են արդարանալ, հեղինակն այսպես է գրում. «Եկեք միայն կեղծ պաթետիկայով չմեղադրենք այս մարդկանց հայրենիքի դավաճանության մեջ, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է հայկական լրատվամիջոցներում: Լավ կյանքից չեն հեռանում Հայաստանից: Ստամբուլում բնավորված շատ հայաստանցիների հետ ունեցած զրույցներում ապշեցնում էր նրանց միահամուռությունը մի հարցումՙ թուրքական իշխանությունները, թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում: Այդպես է դա, թե ոչ, թողնենք հայոց կառավարիչների խղճին»:

Անկեղծ ասած, մեզ էլ ապշեցնում է այն, որ հեղինակը առանց որեւէ երկմտանքի համաձայնվում է Թուրքիայում բնակություն հաստատած մեր հայրենակիցների խոսքերին` թուրքական իշխանությունների եւ թուրքերի վերաբերյալ, եւ փոխանակ ասողների խղճին թողնելու այդ խոսքերի իրավացի լինելը, թողնում է «հայոց կառավարիչների խղճին»: Այստեղ բավական է միայն հիշեցնել վերեւում նշված Էրդողանի հայտարարությունը, թե նա ինչպես կվարվի հայաստանցիների հետ, եթե այս կամ այն երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հեղինակի` խղճահարություն առաջացնող պաթետիկան հօդս կցնդի:

Թերեւս, կարիք չկա հիշեցնել այդ երկրում հայերի դարավոր տառապանքների, ցեղասպանության, դրան հաջորդած տարիներին պարբերաբար կրկնվող` 1920-ական, 1950-ական թվականների ճնշումների, 1970-90-ական թվականներին տեղի ունեցող ռազմական հեղաշրջումների ժամանակ` հալածանքների մասին: Բնական է, քանի դեռ հայաստանցիներն այդ երկրում կատարում են այն աշխատանքերը, որ չեն կատարում տեղացիները, քանի դեռ մեր առեւտրականները նպաստում են թուրքական ապրանքների արտահանմանը, այդ երկրի ղեկավարությունն ու հասարակությունը հանդուրժում է հայերին, սակայն բավական է, որ մի երկրում մի հայտարարություն կատարվի Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիայի հայերը, այդ թվում Հայաստանից գնացածները, ոչ առանց հիմքի ահ ու սարսափի մեջ են ընկնում, քանի որ քաջատեղյակ են թուրքերի եւ թուրքական իշխանությունների «անհամեմատ ավելի բարեհաճությունից»:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30