Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. կասկածներ ունեմ, որ Ղազախստանը կարող է խոչընդոտել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին

Սեպտեմբեր 20,2013 12:07

Հատված ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ չկա եւ չի կարող մաքսային ռեժիմ մտցվել ո՛չ ԵՄ հետ ասոցացման, ոչ էլ առավել եւս Մաքսային միության շրջանակներում, Ադրբեջանի լռությունը վկայում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը տեղի կունենա ԼՂ-ի հետ միասնական առեւտրա-տնտեսական տարածքով։ Այսինքն՝ դա կընդունվի որպես փաստ։
Անձամբ ես կասկածներ ունեմ, որ Ղազախստանը կարող է խոչընդոտել Հայաստանի անդամակցության գործընթացին՝ հենց Լեռնային Ղարաբաղի մասով, չնայած որոշ շրջանակներից ուղղակի թե անուղղակի հավաստիացումներ են հնչում, թե Ղազախստանը այդ առումով խնդիրներ կհարուցի։ Բայց դա արդեն ոչ թե մեր, այլ Մոսկվայի խնդիրն է՝ կարգավորել այդ հարցը Ղազախստանի հետ։
Չեմ ուզում ասել, թե Մոսկվան պաշտոնապես կարող է հայտարարել, որ Հայաստանը Մաքսային միությանը միանում է Ղարաբաղի հետ, բայց կարող է ընդունել փաստացի իրավիճակը՝ այդ մասին չխոսելով։ Ընդհանրապես գերադասելի է այս պահին այդ մասին չխոսել, եւ զարմանալի է, որ Երեւանում անընդհատ թմբկահարում են այդ հարցը՝ կարծես հայտնելով սեփական ցանկությունը, որովհետեւ եթե ոչինչ չես ասում՝ անուղղակիորեն ընդունում ես դե ֆակտո իրավիճակը։

   -«Քաղաքացիական հասարակության» ակտիվիստները եւ նրանց սատարող քաղաքական ուժերը «սգում են» Հայաստանի անկախության վաղաժամ վախճանը՝ ասելով, որ Մաքսային միությանը միանալ՝ նշանակում է հրաժարվել ինքնիշխանության վերջին մնացորդներից։ ԼՂ հասարակությո՞ւնն ինչպես է վերաբերվում այս ամենին։

-Ղարաբաղում իրավիճակն ընդունում են այնպես, ինչպես կա. ո՛չ խանդավառություն, ո՛չ հիասթափություն, ոչ էլ առավել եւս հուսահատություն չեմ տեսնում։ Եվ հետո, Ղարաբաղում միշտ էլ գերակա են եղել պրոռուսական տրամադրությունները՝ որեւէ մեկը չի կարող դա հերքել։
Ինչ վերաբերում է ինքնիշխանության կորստին, Եվրամիության երկրներում գործում է միասնական տարադրամ։ Եթե Ֆրանսիան կամ Իտալիան եվրոյի գոտում են, նշանակում է՝ կորցրե՞լ են ինքնիշխանությունը։ Կամ, եթե Անգլիան պահում է ֆունտ ստեռլինգը, ավելի անկա՞խ է, քան Ֆրանսիան եւ Գերմանիան։
Չի՛ կարելի բանը հասցնել նրան, որ եթե Մաքսային միության անդամ ես, ուրեմն՝ սուվերեն չես։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ Ղազախստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, կամ Նազարբաեւը Ռուսաստանի գուբերնատորներից մեկն է։
Ընդհանրապես այս կամ այն միությանը, դաշինքին միանալու առավելությունները կամ թերությունները կարելի է գնահատել միայն անդամակցելուց հետո։ Ինձ համար, օրինակ, անսպասելի էին կանխատեսումները, որ ԵՄ ազատ գոտի մտնելու դեպքում Հայաստանը ունենալու էր ընդամենը 2,5 տոկոս ՀՆԱ-ի աճ, այն էլ երկարաժամկետ հեռանկարում։
Ուշադրություն դարձրեք՝ խոսքը նույնիսկ ոչ թե բյուջետային մուտքերի, այլ ՀՆԱ-ի աճի մասին է։ Ենթադրենք, դրա 20 տոկոսը՝ 45 միլիոն եվրո, գնաց բյուջե։ Ի՞նչ է տալու դա Հայաստանի տնտեսությանը. բյուջետային մուտքերը 45 միլիոն եվրոյով կարելի է ավելացնել միայն հարկային վարչարարության բարելավման, կոռուպցիայի, ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով։ Այսինքն՝ դա չի կոմպենսացնի նույնիսկ այն կորուստը, որ Հայաստանը կունենա, եթե Ռուսաստանից գազ ստանա միջազգային գներով։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30