Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ուզում դառնալ Հայաստանի նախագահ – 2

Սեպտեմբեր 20,2013 11:58
naxagahi nstavayr

 Անցյալ անգամ մենք անդրադարձանք Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ ցանկացողներից մի քանիսին, որոնք մեկ կամ մի քանի անգամ փորձել են Հայաստանի նախագահ դառնալ, բայց չի ստացվել, և կարծում եմ` հետագայում էլ չի ստացվի, որովհետև նրանք, ում անցյալ անգամ անդրադարձանք, համապատասխան վարկանիշ չունեն: Էս պահին հաստատ չունեն:

Եթե համապատասխան վարկանիշ ունենային, էլի դժվար թե նախագահ դառնային, որովհետև Հայաստանում մեծուփոքր բոլորն արդեն հասկացել են, որ Հայաստանի նախագահ « ընտրվելու» համար պիտի մի քիչ (շատ քիչ) վարկանիշ ունենաս և շատ (չափազանց շատ ) լծակներ ու փող:

Այսինքն, նրանք, ովքեր կարծում են թե` Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու շանսեր չունեն, չարաչար են սխալվում, և նմանապես սխալվում են նաև նրանք, ովքեր չեն տեսնում, որ այս երկուսի միջև պայքարն արդեն իսկ սկսված է և գնալով ավելի է թեժանալու` անկախ նրանից` Սերժ Սարգսյանն իր նախագահական ժամկետը մինչև վերջ կձգի՞, թե՞ ոչ:

Այս երկուսի շանսերն այս պահի դրությամբ գրեթե հավասար լինելով` ուղղակիորեն են կախված աշխարհաքաղաքական հարաբերություններից. ավելի կոնկրետ ասած, Ռուսաստանի կամ Արևմուտքի` տվյալ պահին Հայաստանի նկատմամբ ունեցած գերիշխանության չափից:

Այսուհանդերձ, ինչքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դուրս դնի նախագահական պայքարից, հասարակության որոշակի շերտերի կողմից ինքը շարունակում է համարվել Հայաստանի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ, և եթե առաջին նախագահի ուղերձները տեղ հասնեն, և որոշակի քանակությամբ մեծահարուստներ հայտնվեն նրա կողքին, Տեր-Պետրոսյանը վերստին կհանդիսանա իրական ու հիմնական հավակնորդ` անկախ իր տարիքից:

Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ տարիքի հարց գոյություն ունի, բայց` ճիշտ հակառակ իմաստով: Այսուհանդերձ, հնարավոր է` սերնդափոխության հարցը հանկարծակի հրատապ դառնա, և Նիկոլը դառնա միանգամայն իրական թեկնածու: Բոլոր դեպքերում, ինքը ևս մեծ ֆինանսների ու մեծահարուստ հովանավորների խնդիր է ունենալու:

Արթուր Բաղդասարյանն էլ, կարծում եմ, ամենևին դեմ չէր լինի Հայաստանի նախագահ դառնալ, մանավանդ որ` ինքը ոչ տարիքի հետ կապված խնդիր ունի և ոչ էլ` ֆինանսների, բայց դատելով էն հանգամանքից, որ վերջերս Արթուր Բաղդասարյանին քիչ են քարկոծում, կարելի է ենթադրել, որ նրա շանսերն առանձնապես մեծ չեն:

Գագիկ Ծառուկյանին չենք մոռացել, ավելի ճիշտ` ի վիճակի չենք մոռանալ: Եվ եթե վճռական պահին վերստին ինքն իրեն մոռանա, կարծում եմ, կողքիններն իրեն իր մասին կհիշեցնեն: Միայն թե պարզ չէ` վճռական պահին Ծառուկյանն անձա՞մբ կներքաշվի նախագահական պայքարի մեջ, թե՞ կնախընտրի իր նախընտրած թեկնածուին հովանավորել ու նախագահ դարձնել:

Հարցականները շատ են, և իմ ենթադրությունները` բազմաթիվ ու բազմազան, և միգուցե կարելի է ինձ մեղադրել, որ նախագահի հավակնորդների ֆինանսական պոտենցիալը չափից ավելի եմ կարևորում, և նմանապես կարող եմ մեղադրվել, որ Հայաստանի նախագահի ընտրության հարցում հզոր երկրների դիրքորոշումն եմ չափից ավելի կարևորում, բայց ինձ հակադրվողները հիմնականում կլինեն նրանք, ովքեր ֆինանսների ու հզորների հանգամանքներն ավելի են կարևորում, քան` ձեր խոնարհ ծառան:

Այսուհանդերձ, սրանով ու էսքանով իմ ասելիքը չի ավարտվում, որովհետև Հայաստանի չորրորդ նախագահ դառնալ երազողների պայքարը նոր-նոր է սկսվում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Քոչարյանն է ուզում նախագահ դառնալ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30