Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Սեպտեմբեր 20,2013 11:25

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսաներորդ

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Եվ Հայկունին ժպտալով Ջոնին ասաց՝ «հազար շուն ու շանգյալի որ խաշի էիր հրավիրել, Անանիային էլ պիտի հրավիրեիր», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Արիկին ու տղերքին ասել էի, որ Անանիային իմաց անեն, բայց իրան չեն գտել» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «բայց հիմա արդեն մտածում եմ, որ ամեն ինչ ճիշտ ա էղել», եւ Անանիան քմծիծաղով ասաց՝ «ես էլ եմ կարծում, որ ամեն ինչ ճիշտ ա էղել», եւ Հայկունին ժպտալով Արիկին ասաց՝ «փաստորեն, սաղ մեղավորը դու ես», եւ Արիկն արդարանալով ասաց՝ «էդ խաշի նախորդ օրը մեռա Անանիային զանգելով, բայց հեռախոսը չէին վերցնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Անանիան որ Ջոնի էդ խաշին չէր էկել, դրանից Ջոնն ավելի ա տուժել, քան՝ Անանիան», եւ Հայկունին ինձ ասաց՝ «հաստատ Անանիան ավելի ա տուժել, որովհետեւ էդ որակի ու էդ մակարդակի խաշ ուրիշ տեղ կերած չի ըլնի», եւ Անանիան ժպտալով Հայկունուն ասաց՝ «դրանից ավելի մակարդակով խաշեր եմ կերել», եւ Հայկունին Անանիային ասաց՝ «Ջոնինը որ չես կերել, ո՞նց ես համեմատում», եւ Արիկն Անանիային ասաց՝ «չես պատկերացնի՝ Ջոնինն ինչ զիլ խաշ էր», եւ Անանիան արհամարհական նայեց Արիկին ու քմծիծաղով ասաց՝ «պատկերացնում եմ» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական Արիկին նայելով հարցրեց՝ «դրա համա՞ր ինձ իմաց չես արել», եւ Արիկն արդարանալով Անանիային ասաց՝ «էդ խաշի նախորդ օրն ամենաքիչը մի քսան անգամ քեզ զանգել եմ» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «մի հինգ անգամ ձեռիդ վրա եմ զանգել, մի էդքան էլ՝ տանդ համարով», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քամահրանքով Արիկին ասաց՝ «մաթեմատիկ մարդ ես, հինգին գումարած հինգ՝ քսան  չի անում» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «մի անգամ զանգեիր, բայց մարդավարի զանգեիր», եւ Հայկունին Արիկին ասաց՝ «իզուր էլ տան համարով ես  զանգել. կարող ա էս մարդը տանը չի էղել», եւ Անանիան Հայկունուն ասաց՝ «կակռազ էդ խաշի նախորդ օրը տնից վաբշե դուս չեմ էկել», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ամբողջ օրը տունն ա մնացել, որ զանգեն՝ խաշի հրավիրեն», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Արիկը զանգեր էլ, մեկ ա՝ էդ խաշին չէի գալու», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չէիր գալու», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ Ջոնի խաշին Արիկի հրավերով գայի», եւ ես ժպտալով ասացի՝ «մանավանդ որ՝ Ջոնը որոշ մարդկանց պերսոնալնի ա հրավիրել», եւ Հայկունին ասաց՝ «Ջոնը Ջավախյանի հետ խռով էր, դրա համար ա իրան պերսոնալնի հրավիրել», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ հետ էլ հո խռով չէր», եւ Հայկունին զարմացած ինձ հարցրեց՝ «քեզ էլ ա՞ պերսոնալնի հրավիրել», եւ ես ժպտալով ասացի՝ «կարող ա՞ Ջոնի դրած խաշին ուրիշի հրավիրելով գնայի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին ասաց՝ «էդ էլ քո լավությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս էլ էս մարդկանց շնորհակալությունը», եւ Անանիան զարմացած ասաց՝ «կարող ա՞ Ջավախյանի փոխարեն էլ պիտի շնորհակալություն հայտնեմ», եւ Ջոնն առանց Անանիային նայելու՝ Հայկունուն ասաց՝ «ոչ մեկի շնորհակալությունն էլ ինձ պետք չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես շնորհակալության համար չէի էդ միջոցառումը կազմակերպել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մտածեցի՝ ահագին վախտ ա իրար գլխի չենք հավաքվել. կհավաքվենք՝ շունչներս մի քիչ կբացվի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «շունչներս լավ էլ բացվեց», եւ Ջոնը նորից կրկնեց՝ «մտածեցի՝ ահագին վախտ ա իրար գլխի չենք հավաքվել», եւ Անանիան Ջոնին ասաց՝ «ամեն օր էլ իրար գլխի հավաքվում ենք», եւ Արիկն Անանիային ասաց՝ «մեր էդ «Տրիումֆի» ամենօրյա հանդիպումները  Ջոնի էդ միջոցառման հետ չես համեմատի», եւ Անանիան մի քիչ մտածեց  ու ասաց՝ «հանդիպումը հանդիպում ա», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «որ Ջոնի խաշից գոնե մի աման կերած ըլնեիր, ըտենց չէիր խոսա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն տեսակ խաշ էլ կերել եմ», եւ Ջավախյանն ասաց՝ «մենք էլ ենք ամեն տեսակ խաշ կերել, բայց Ջոնինը սավսեմ ուրիշ էր» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «Հայկունը Ջոնի խաշին քսան նշանակեց», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, Հայկունը Ջոնի խաշն ու քո պատմվածքը համարյա հավասար ա գնահատել», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Հայկունը գնահատեց, բայց էդ խաշից իրեք ամեն Սերոբը կերավ», եւ Անանիան քմծիծաղով Սերոբին հարցրեց՝ «կարող ա՞ Ջավախյանի պատմվածքն էլ ես իրեք անգամ կարդացել», եւ Սերոբը քմծիծաղով ասաց՝ «մի անգամն իրան լրիվ հերիք ա», եւ Ջավախյանը ժպտալով Սերոբին հարցրեց՝ «գոնե մի անգամ կարդացե՞լ ես, ադա», եւ Սերոբը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինչ մեղքս թաքցնեմ՝ մի անգամ կարդացել եմ», եւ Ջավախյանը  ժպտալով Սերոբին ասաց՝ «այսինքն, մի անգամ կարդալով հսկացել ես», եւ Սերոբը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի քիչ դժվարությամբ, բայց հասկացել եմ», եւ Բարդուղը հարցրեց՝ «ի՞նչ պատմվածքի մասին ա խոսքը», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու  ասաց՝ «էդ՝ որ Հայկունը տասնիննուկես ա նշանակել», եւ Հայկունին վրդովված գոռաց՝ «ես էդ տասնիննուկեսը հանաքով եմ ասել, տղա ջան», եւ Անանիան խորամանկ ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «Ջոնի խաշի հաշվով էլ ե՞ս հանաքով ասել», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ջոնի խաշի հաշվով լրիվ լուրջ եմ ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Ջոնի խաշն իրոք քսանի արժանի էր», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «մեկ Նարեկացին ա քսան, մեկ էլ՝ Ջոնի խաշը», եւ Հայկունին մի քիչ  մտածեց ու ժպտալով Աբոյին ասաց՝ «խաշի ու գրականության շկալաները լրիվ առանձին են, պարոն Սարգսյան», եւ Օրթախ Աբոն քմծիծաղով Հայկունուն հարցրեց՝ «Ջավախյանի գրածը ո՞ր շկալայով ես տասնիննուկես գնահատել», եւ Անանիան Հայկունու փոխարեն պատասխանեց ու փռթկացնելով ասաց՝ «էսսեի», եւ Հայկունին մի քիչ  մտածեց ու ասաց՝ «Ջավախյանի էդ էսսեն գրականության շկալայով եմ գնահատել, բայց՝ հանաքով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի՞նչ հանաք, որի գոնե կեսը ղորթ չըլնի», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «որ կեսը ղորթ ըլնի, էդ համարյա տասը բալ ա անում», եւ Ջավախյանը  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տասից էլ եմ գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տասն էլ ա ինձ լրիվ հերիք» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Հայկունը հազարից մնին ա տասը բալ  շնորհում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «տասը բալը քեզ ծովից ծով ա», եւ Ջավախյանն ամոթխած ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ ասում», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Հայկունի տասը բալը Նոբելյան մրցանակի պահանջներին լրիվ բավարարում ա»,  եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «բա Անանիայի պատմվածքի՞ն քանի բալ ես տալի», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «սրան Անանիայի գնահատականն ավելի ա հետաքրքրում, քան՝ իրանը, եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ տասը նաղդ կա ու կա», եւ Ջոնը հեգնանքով Ջավախյանին ասաց՝ «որ Անանիային տասնմեկ տա, սիրտդ կկայնի», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին ու ասաց՝ «որ իմ տեղակ Անանիային պերսոնալնի զանգած ու խաշի հրավիրած ըլնեիր, էդ վախտ իսկականից սիրտս կարող ա կայներ», եւ Արշակը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «Անանիայի պատմվածքն ինչքա՞ն ես գնահատում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անանիայի  մասնագետն Աբոն ա», եւ Աբոն ժպտալով  Հայկունուն հարցրեց՝ «Թումանյանի «Գիքորին» քանի՞ բալ ես տալիս», եւ Հայկունին բավական երկար մտածեց ու ասաց՝ «տասնչորս», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրեմն Անանիայի պատմվածքն էլ ա մոտավորապես տասնչորս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Անանիայի էդ «Հացը» պատմվածքը «Գիքորին» համարյա հավասար գործ ա», եւ Ջավախյանը քմծիծաղով ասաց՝ «որ Թումանյանի «Գիքորից» ա ազդվել, էդ չի նշանակում թե՝ «Գիքորին» հավասար գործ ա», եւ Ջոնը ժպտալով  նայեց Ջավախյանին ու փռթկացնելով հարցրեց՝ «էդ ինչի՞ գույնդ գցեցիր. վախենում ես Անանիան Նոբելյանը ձեռիցդ խլի՞», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Ջոնին ու ասաց՝ «որ Անանիան Նոբելյան խլող ըլներ, իրան պերսոնալնի կզանգեիր ու խաշի կհրավիրեիր, ոչ թե՝ ինձ», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մյուս անգամ նկատի կունենամ», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «փաստորեն,  արժեքների վերագնահատում ա տեղի ունենում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել