Հիշեցնենք, որ հուլիսին, երբ փորձ արվեց թանկացնել տրանսպորտի գինը, free car (անվճար մեքենա) կոչվող ակցիաների շրջանակներում դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին» Հայկոն իր մեքենայով մարդկանց էր տեղափոխում։
– Պարոն Մարության, տեղեկություններ կան, որ Երեւանի ներքաղաքային տրանսպորտի գինը կրկին թանկանալու է։ Քանի որ Դուք եղել եք տրանսպորտի թանկացման դեմ պայքարի առաջամարտիկներից, խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել առաջիկայում, արդյոք կան պայքարի նոր մեթոդներ։
– Տրանսպորտի թանկացման հետ կապված խոսակցություններ կան, բայց ռեալ որոշում չկա։ Ավելի ճիշտ կլինի, երբ ինչ-որ որոշում լինի թանկացման մասին, նոր մենք ծավալվենք։ Իհարկե, պայքարելու նոր ձեւեր մշակվել են, բայց դրանք Ձեզ չեմ կարող ասել, քանի որ դա գաղտնիք է, իսկ գաղտնիքը չի կարելի բացահայտել, որ պետք եղած ժամանակ սյուրպրիզ լինի մեր օպոնենտների համար (ծիծաղում է-Ս. Գ.): Այո՛, կան նոր «սյուրպրիզային» ձեւեր, որոնց մասին կասենք այն ժամանակ, երբ որ ժողովրդի կամքին դեմ նոր որոշում կայացվի։ Համենայնդեպս, անցած անգամ, ես կարող եմ ասել, որ այդ որոշումը ժողովրդի կամքին դեմ էր։ Ու ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, քանի որ մարդիկ իսկապես չէին կարողանում այդ գումարը տալ։ Կարելի է ասել՝ ճարահատյալ պայքար էր։
– Այսինքն՝ եթե հրապարակվի Երեւանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի գինը 100 դրամից կրկին 150 դրամ դարձնելու վերաբերյալ, Դուք կրկին «ոտքի՞» եք կանգնելու։
Կարդացեք նաև
– Պարտադիր, քանի որ իսկապես ժողովուրդը չի կարողանում վճարել այդ գումարը։ Կարելի է ասել, որ այդ որոշումը զրկում է ժողովրդի մեծ մասին ազատ տեղաշարժվելու իրավունքից, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Մենք միայն մի դեպքում պայքարի դուրս չենք գա։
– Եվ ո՞րն է դա։
– Երբ ժողովուրդն այս մեկ ամսվա ընթացքում այնքան հարստացած լինի, որ կարիք էլ չունենա պայքարելու թանկացման դեմ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում