«Այս ֆիլմը «Կամավոր» ֆիլմի տրամաբանական շարունակությունն է: Երբ ֆիլմը պատրաստ էր, ցուցադրվեց Ռուսաստանի Դաշնությունում և, իհարկե, հաջողություն ունեցավ, հայտնվեցին հարազատները այդ զոհված ռուս տղաների և դա ևս մեկ առիթ էր, որ ես նկարեմ ֆիլմ ևս մեկ անգամ անդրադառնալով արցախյան թեմային»,- սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Հողի ուժը» ֆիլմի շնորհանդեսին հայտարարեց ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանը:
2010թ նկարված «Կամակորը» հիմնված էր Զորի Բալայանի «Մոտրիչը զբաղեցրեց Մոտրիչի տեղը» ակնարկի վրա: Որտեղ պատմվում էր, թե ինչպես ռուս սպա Դմիտրի Մոտրիչը Վլադիվոստոկ քաղաքից գնացել է Արցախ կռվելու: Սակայն մարտական առաջադրանք կատարելով՝ Դմիտրին իր մարտական ընկերների հետ ընկնում է շրջափակման մեջ և զոհվում: Իսկ իր ընկերներից ռուսազգի Իլյա Կուլիկը հայտնվելով շրջափակման մեջ պայթեցնում է իրեն՝ վնաս հասցնելով հակառակորդին:
«Հողի ուժը» փաստավավերագրական ֆիլմում ցուցադրվում էին պատմական կարևորություն ունեցող տեսանյութեր ու փաստաթղթեր: Ֆիլմում ոչ միայն հարցազրույցներ են Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ և ռուս քաղաքական և սպայական գործիչների հետ, այլև Դմիտրի Մոտրիչի մոր՝ Լյուբով Մոտրիչի և Իլյա Կուլիկի այրի Ելենա Կուլիկի հետ:
Ֆիլմը հայերեն և ռուսերեն լեզուներով է և նկարահանվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանում՝ Մոսկվա և Վլադիվոստոկ քաղաքներում:
Ռեժիսոր Աննա Թովմասյանի խոսքերով՝ երկրորդ մաս նկարելու նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ Արցախյան գոյամարտին: Ֆիլմը բաժանված է երկու մասի. Այն սկսվում է Արցախյան գոյապայքարի պատճառներից և ավարտվում ռուս սպաների կյանքի պատմություններով:
Ցուցադրման ընթացքում դահլիճն առանձնապես հուզված էր, երբ հարազատները այցելում էին ազատամարտիկների շիրիմին: Հանդիսատեսից, ոմանք, նույնիսկ, չէին կարողանում զսպել արցունքները:
Ֆիլմի ավարտից հետո ներկաներից մեկը հայտարարեց, որ ուրախ է, որ դեռ նման ֆիլմեր են նկարահանվում.
«Շատ լավ է, որ շարունակվում են նկարվել ֆիլմեր Արցախյան գոյամարտի մասին: Շատ հուզիչ ֆիլմ էր: Երիտասարդության համար կարևոր են նման ֆիլմերը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ