Այսօր ՄՀՀ-ում տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Գրիգոր Մկրտչյանի հիշատակին նվիրված «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի ընկերական հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում oլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Յակուշեւը, որը խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ «Սպարտակը» վերջին տարիներին այնքան էլ հաջող հանդես չի գալիս ՌԴ առաջնությունում, պատասխանեց. «Այսօր լավ հոկեյ խաղում են այն թիմերը, որոնց թիկունքին կանգնած են գազը, նավթը եւ մետաղահանքերի արդյունաբերությունը: «Սպարտակն» այդպիսի հովանավորներ չունի: Ակումբի հովանավորը միջին հնարավորություններ ունի եւ տարեկան հատկացնում է ընդամենը $ 10 միլիոն: Սա է ակումբի տարեկան բյուջեն: Մինչդեռ, կան անհատ հոկեիստներ, որոնք պայմանագրով հանդես են գալիս այլ երկրների ակումբներում եւ միայնակ ստանում $ 9 միլիոն: Սա է իրականությունը»:
Aravot.am-ի հիշեցմանը, թե երբ խորհրդային տարիներին իրենք էին խաղում եւ հաղթում աշխարհի ուժեղագույն ընտրանիներին ու ակումբերին, այն ժամանակ հովանավորներ՝ այսօրվա պատկերացմամբ չկային, լեգենդար հոկեիստը պատասխանեց. «Այո, այդպես է: Մենք որպես անվանի մարզիկներ 300 ռուբլի էինք ստանում: Լավ ինժեների աշխատավարձն այն ժամանակ մոտ 150 ռուբլի էր: Բայց այն ժամանակ խորհրդային պետությունը, սկսած պիոներական հասակից, հայրենասիություն էր դաստիարակում: Հիմա շատ են քննադատում: Բայց չէ՞ որ այն ժամանակ լավ բաներ էլ կային»:
Կարդացեք նաև
«Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ