Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ միջադեպ գրանցվեց հենց ազատամարտիկների միջեւ: Հանրահավաքի հենց սկզբից ազատամարտիկներից մեկը անընդհատ դժգոհում էր, որ լուրջ ելույթներ չեն հնչում բեմից: «էս ինչ լոլո եք կարդում, լուրջ բաներից խոսեք»,- անընդհատ դժգոհում էր ազատամարտիկը: Նրան պարբերաբար կողքի կանգնած ազատամարտիկները լռեցնում էին, բայց հավաքի կեսից դժգոհ ազատամարտիկը էլ չդիմացավ եւ պոռթկաց:
Նա, ձայնը բարձրացնելով, սաստեց հավաքը վարող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Վրա տվեցին մյուս ընկերները՝ սաստելով. «Դու մեր մեջից եկել ես, պառակտո՞ւմ ես անում»:
Նրանից Aravot.am-ը հետաքրքրվեց , թե ինչից է դժգոհ. «Երբ մեր երկիրը բռնազավթել են եւ գործ ունենք օկուպանտների հետ, իրավունք չունեն մեր ժողովրդին շեղեն ուրիշ ճանապարհներ ցույց տան: Էսօր տրանսպորտի թանկացումն են մեջտեղ բերում, մյուս օրը ուսանողական խնդիրները»:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ով է պայքարը շեղում ու ինչ շեղումների մասին է խոսքը. «Երբ գալիս են, ասում 2 անգամ 2 = 4, որը բոլորը գիտեն, ուրեմն ոչ մի բան էլ չեն անում: Երբ ինչ-որ մեկին թվում է, թե ինքը մի բան է անում, բայց իրականում ոչ մի բան էլ չի անում, ժողովուրդն ասում է՝ անանիզմով է զբաղված: Ես չեմ ուզում, որ անանիզմով զբաղվեն»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկները, հանրահավաքը թողած, վրա տվեցին դժգոհ ազատամարտիկի վրա եւ նրան քշեցին տարածքից՝ նրան համարելով սադրիչ, որը եկել է պառակտի իրենց շարժումը: Հանրահավաքի մասնակից մի երիտասարդ էլ՝ ոգեշնչված հարձակվեց դժգոհ ազատամարտիկի վրա. «Այս ազատամարտիկների մեջ Գարեգին Նժդեհի շունչն է զգացվում: Իսկ դուք՝ սաղդ, հայրենիքը երկու կոպեկով ծախել եք ինչ-որ մեկին: բոլորդ, ովքեր այդպես եք մտածում»:
Մեկ ուրիշ ազատամարտիկ էլ ձեռնափայտով հարվածեց նրան, գոռաց վրան ու պահանջեց հեռանալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ