«Ազատամարտիկներ, Հայաստանի քաղաքացիներ, դուք ձեր կյանքը, արյունը, քրտինքը, ընտանիքը, զավակներին դրել եք հայրենիքի ամբողջականության, ազատության, անկախության զոհասեղանին եւ հիմա ձեր օրինակով, միասնական շնչով ով Հայաստանի հանրապետության քաղաքացի է, քաղաքացիական նախաձեռնություն է, ազատամարտիկ, քաղաքական գործիչ, պետք է ենթարկվի ազգային պետական դրոշին: Եվ ով որ քաջ է, ձեր օրինակով ոչ թե որեւէ մեկի հրավերքով կամ տան տիրոջ իրավունքով պետք է գա այս հրապարակ եւ կանգնի ազատամարտիկների կողքին, որ ունենանք ազատ արդար, անկախ, արժանապատիվ Հայաստան, դա մեր պարտականությունն է»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, չկա մարդ առանց սխալի, առանց բեկումի, բայց. «Եթե նվիրված ենք եւ կա հավատը մեր հայրենիքի նկատմամբ, ապա ձեր որակով, ձեր քանակով պետք է լցնենք հրապարակը, ստեղծենք անկախության օրակարգը, միասին գործենք եւ քշենք անարդարը,անիրավը, անընտիրը Հայաստանի հանրապետության իշխանակարգից, դա նույնպես մեր պարտականությունն է: Առաջիկա օրերի եւ շաբաթների պայքարը ոչ մեկը թող չշփոթի Արեւելքի եւ Արեւմուտքի պայքարի հետ: Պայքարում ենք մեր ազատության, մեր արժեքների եւ ինքնիշխանության համար: Նա ով մեր կողքին է, մեր ազգային շահի, մեր ժողովրդավարության, ուրեմն մենք գնահատում ենք այդ զորակցությունը: Բայց Հայաստան-Թուրքիա արձանագրություններից, մինչեւ մադրիդյան սկզբունքներ, մինչեւ սեպտեմբերի 3-ի միանձնյա հայտարարությունը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, դա փորձ է այս անգամ Հայաստանի անընտիր իշխանությունների մասնակցությամբ վերականգնել քսանմեկ թվականի բոլշեւիկաթրքական, հակահայկական, հակապետական պայմանագիրը: Պարտավոր ենք մեկս մյուսին լիցք տալով, կերտել այդ ուժը, որը բերելու է ազգային, քաղաքացիական, սահմանադրական Հայաստան:
Վաղը ժամը վեցին համազգային բողոք, բողոք, որ հայրենասիրական է, որը հարգում է մեր Սահմանադրությունը, որը գիտի, որ հաջորդ օրը մեր հանրապետության վերականգնման օրն է, բայց այս անկախությունը այդ ազատությունը վտանգի տակ է: Բոլորս գտնվում ենք արտակարգ դրության մեջ եւ այդ արտակարգ դրության համապատասխան պետք է գործենք: Վաղը բոլորս տանտեր ենք, չկա Րաֆֆի, Պարույր առավել եւս: Թող գան այստեղ քաղաքացիական խմբերը քաղաքապետարանից, նախախորհրդարանից, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ: Հանդես ենք գալու որպես ՀՀ քաղաքացիներ… եւ մեր դրոշը ոչ թե արժեզրկվելու է օտար մայրաքաղաքներում, այլ հայ անունը, եռագույն դրոշը լինելու է քաղաքացու, ազատամարտիկի փառքն ու պատիվը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ