«Մեր կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա: Մենք պահանջում ենք շուտափույթ բացահայտում այդ միջադեպի: Դա կարծես շարունակությունն է այն բռնությունների, որոնք տեղի են ունենում քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդեպ: Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո սկսած այդ ծեծերի շարքը, որը տեղի է ունենում ոչ թե բուն ոստիկանության կողմից, այլ՝ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, հիմա թե դրանց կանվանեն թաղի խուժան, թե կանվանեն ինչ-որ զգեստափոխված իրավապահներ, ես չգիտեմ: Դրա համար պահանջում ենք, որ բացահայտվի: Ես կարծում եմ, դա բարդ չի լինի իշխանությունների համար, եթե լինի դրա քաղաքական պահանջը: Եթե չլինի՝ մենք կանենք բնականաբար հետեւություններ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու միջադեպն այսպես գնահատեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ դա Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի ծեծի շարունակությո՞ւնն է՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Այդպես է ստացվում: Մինչեւ հիմա չի բացահայտվել այդ միջադեպն էլ, չնայած կային բոլոր հնարավորությունները դրա համար»:
Հովսեփ Խուրշուդյանը վստահ չէ՝ Վիգեն Դավթյանին ծեծելը զուտ պատահականությա՞ն արդյունք է, թե՞ պլանավորված. «Մեր խնդիրն է հասնել նրան, որ մեր իրավապահ մարմիններն անեն իրենց գործը: Եթե նման փոքր հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, ի՞նչ կարող ենք պահանջել նրանցից՝ ավելի գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ