Սեպտեմբերի 14-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում տեղի ունեցան հասարակական լսումներ, «Մանրածախ առեւտրի խանութ, ցանց» զեկուցմամբ հանդես եկավ Էդուարդ Ձավարյանը (Թբիլիսի) , «Շուկայի դերը» զեկուցմամբ` Բախտյար Զեյնալովը (Գարդաբանի):
Ձավարյանը, մասնավորապես, առաջարկում էր ստեղծել խանութ կամ խանութների ցանց, որտեղ կվաճառվեն միայն հայկական, վրացական, ադրբեջանական ապրանքներ: Թեմայի շուրջ ելույթ ունենալով` Ադրբեջանի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասաց, որ գաղափարն առողջ է, որ կարելի է գործարկել խանութ, ուր հայ, ադրբեջանցի եւ վրացի գյուղացիները կիրացնեն իրենց արտադրանքը: Նա համատեղ առեւտրի մի քանի խոչընդոտ նշեց` համատեղ առեւտրում պահանջարկ վայելող ապրանքների բացակայությունը, Հայաստանի տնտեսության օլիգարխիկ բնույթը, համատեղ առեւտրին աջակցող կառույցների բացակայությունը եւ Ադրբեջանի նավթը,որն ինքնին հակամարտություն է ծնում: Զարդուշտ Ալիզադեն ասաց,որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին պետք չէ հակամարտության կարգավորումը, այն հարկավոր է երկու երկրների ժողովուրդներին: Քաղաքագետի համոզմամբ` առեւտուրը նպաստելու է ազգամիջյան հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները դեմ են լինելու համատեղ առեւտրին:
Թեքալիի բնակիչ, ֆերմեր Մուշվիգ Նամազովը Թեքալիի խաղաղարար գործընթացի համար նվիրաբերել է իրեն պատկանող, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման վայրից ոչ հեռու գտնվող 4 հա տարածք` միջազգային հանդիպումների համար կառույց եւ սահմանային շուկա գործարկելու համար: Սեպտեմբերի 14-ին կայացած հանդիպումից հետո մասնակիցների մի մասը մեկնեց այդ տարածք, ուր Թեքալիի մեկ տասնյակ ֆերմերներ վաճառքի էին հանել իրենց աճեցրած բերքը: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտարարեց, որ Թեքալիի փորձնական շուկան կայացավ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ