Աշխարհում 4 միլիոնից ավել երեխա կյանքի առաջին 28 օրվա ընթացքում մահանում է վարակներից, վաղաժամկետ ծնունդից, շնչահեղձությունից եւ այլ: Սակայն այդ մահվան դեպքերից շատերը կանխարգելելի են մատուցվող բուժքույրական խնամքի կատարելագործման դեպքում: Այսօր այսպիսի տվյալներ հրապարակվեց
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Հայաստանի երկրորդ բուժքույրական միջազգային համագումարի ժամանակ: Պրոֆեսոր Փոլ Մարտինը փաստելով, որ առայժմ բավարար ուշադրություն չի դարձվում բուժքույրերի ուսմանը եւ կատարելագործմանը, կարծիք հայտնեց, որ բուժքույրերին պետք է զարգացնել այնքան, որ նրանք իրենց դերը ճիշտ գիտակցեն. «Բուժքույրերը պետք է լավ կրթված լինեն, ճիշտ հավաքեն տվյալները, պետք է իմանան ինչպես դիմել քաղաքական գործիչներին, օրենսդրին, ինչպես օգտագործել այդ տվյալները, բուժքույրերը պետք է ներգրավված լինեն օրենսդրության մշակմանը տեղական եւ միջազգային մակարդակով»:
Բուժքույրերի դերը կանանց առողջության գործում նույնպես կարեւոր է: Նշենք, որ 40 տարեկանից բարձր բոլոր կանայք տարեկան առնվազն մեկ անգամ պետք է անցնեն կրծքագեղձի հետազոտություն անկախ այն բանից գանգատներ ունեն թե ոչ: Ամեն ամիս 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին պետք է կատարի կրծքագեղձի ինքնազննում: Ինքնազննման տեխնիկան կնոջը պետք է սովորեցնի առաջնային օղակի բուժքույրը:
Ըստ համագումարի մասնակից փորձագետների,
բուժքույրը պետք է 40 տարեկան եւ բարձր տարիքի կանանց տարեկան մեկ անգամ կանխարգելիչ այցի ժամանակ ենթարկի կրծքագեղձի կլինիկական հետազոտության: Բարձր ռիսկի առկայության կամ կասկածի դեպքում առաջնային օղակի բուժքույրը պետք է այդ մասին տեղեկացնի առաջնային օղակի բժշկին, որը կնոջը կարող է ուղեգրել մամոգրաֆիկ հետազոտության:
Վորլդ վիժն Հայաստան կազմակերպության առողջապահության ոլորտի քաղաքականության եւ որակի վերահսկման փորձագետ Նաիրա Ղարախանյանը
Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հատկապես մարզերի բուժքույրերը պետք է նորարարություններին ծանոթանալու հնարավորություն ունենան: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ