«Լատինոամերիկյան պարերը սեքսուալ էներգիա են պարունակում: Ցանկալի չէ, որ նախադպրոցական երեխաները հաճախեն նման պարերի, քանի որ նման պարեր պարելով հնարավոր է վաղաժամ սեռական հասունացում»,- «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Շատ ծնողներ իրենց երեխայի զարգացմանը, ինքնակատարելագործմանը նպաստելու նպատակով նախընտրում են, որ նրանք հաճախեն որևէ խմբակի: Սակայն հաճախ նախընտրած խմբակի մասին ոչ բավարան չափով տեղեկացված լինելու, երեխային ստիպողաբար խմբակ տանելու պատճառով առաջանում են տարբեր խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն են թողնում ինչպես երեխայի առողջության, այնպես էլ հոգեբանության վրա:
«Առավոտ երիտասարդականը» խոսել է հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե որ տարիքից երեխաները կարող են հաճախել խմբակների, ո՞ր խմբակներն են արդյունավետ երեխայի զարգացման հարցում և այլն:
«Ցանկալի է, որ երեխան մինչև 2 տարեկանն ավելի շատ շփվի իր մայրիկի, տատիկի, ընտանիքի անդամների, հարազատների հետ: Ցանկալի չէ, որ երեխան շփվի օտար մեծահասակների հետ: Այդ տարիքում փոքրիկի համար շատ կարևոր է հուզական ոլորտի զարգացումը, ինչի համար անհրաժեշտ է հուզական, ջերմ կապվածությունը այն մեծահասակների հետ, ում ճանաչում է: Նախ նա պետք է ճանաչի և մերվի իր ամենամոտ շրջապատի հետ»,-ասում է հոգեբանը: Ըստ նրա՝ նախընտրելի է, որ նախադպրոցական երեխաները հաճախեն մանկապարտեզ և ոչ թե կոնկրետ ուղղվածությամբ խմբակների. «Մանկապարտեզում երեխաների հետ սովորաբար աշխատում է մի մանկավարժ` իր օգնականի հետ: Տարրական դասարաններում էլ կա հիմնականում մեկ ուսուցիչ, և սկսած միջին դպրոցներից՝ երեխաների հետ աշխատում են տարբեր մանկավարժներ: Դա պայմանավորված է ՝ նրանով, որ կրտսեր դպրոցում դժվար է «հարմարվել» այլ ուսուցիչների մոտեցումների հետ»:
Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ սխալ է 6-7 տարեկան երեխաներին տանել լրացուցիչ խմբակների, իսկ առհասարակ ցանկալի չէ, որ երեխանները միաժամանակ տարբեր խմբակների հաճախեն՝ մանավանդ տարրական դասարանի երեխաները. «Առանց այդ էլ երեխաների համար դժվար է ուսումնական գործընթացին հարմարվելը: Եթե նա ստիպված լինի միաժամանակ հարմարվել տարբեր մասնագետներին, դա ավելորդ լարվածություն կլինի»,-նշում է հոգեբանը:
«Փոքրիկս 6 տարեկանից հաճախում է լողի: Ես շատ կցանկանամ, որ նա բժիշկ դառնա, սակայն ինքն է որոշելու բժի՞շկ դառնալ, լողո՞րդ, թե՞ որևէ այլ մասնագետ: Պարզապես կարծում եմ՝ լողը լավ միջոց է հանգստանալու, դասերից թեթևանալու առումով: Բացի այդ՝ լողը շատ առողջարար է »,-ասում է տիկին Ռուզաննան: Իսկ հոգեբանը նշում է՝ երեխաների համար լողը խախաղեցնող, նյարդերը հագստացնող նշանակություն ունի. «Երբ երեխան ծնվում է, նա արդեն կարողանում է լողալ: Դա տեղի է ունենում բնազդային կերպով: Կարծում եմ՝ չպետք է թույլ տալ, որ նա մոռանա այդ հիշողությունը,-ասում է հոգեբանը և հավելում,- ջրում նաև կարող են անցնել երեխայի վախերը, լարվածությունը և այլն: Լողը նաև ինքնավստահություն է հաղորդում փոքրիկին, այնպես ինչպես բակում խախացող երեխաներին: Այն մարդիկ, ում մանկությունն անցել է բակում հեծանիվ քշելով, բակային խաղեր խաղալով և այլն, սովորաբար ավելի ինքնավստահ են»:
Շատ կարևոր է նաև խմբակի ընտրությունը, որպեսզի այն նպաստի երեխայի զարգացմանը, այլ ոչ թե կաղապարի: Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ ծնողները պետք է տարբերակեն լավ և վատ խմբակները. «Օրինակ՝ եթե խմբակում սովորեցնում են, որ գունավոր թղթե ձուկիկը պետք է միայն էսպես կտրել, ուրեմն սխալ է, նրանք պարզապես կաղապարում են երեխային »,-ասում է նա:
Անուշ Ալեքսանյանի խոսքով՝ սխալ է նաև, երբ ծնողները իրենց երեխաներին ստիպողաբար են տանում խմբակների: Փոխարենը պիտի հետաքրքրություն ստեղծեն երեխայի համար, խթանեն, հրահրեն ինչ-որ կերպ. «Եթե ուզում ենք, որ երեխան արվեստ սիրի, պիտի տանը տարբեր նկարիչների ստեղծագործություններ լինեն: Ոչ թե պետք է ասել, որ երեխաները չեն սիրում թատրոն, օպերա, այլ նրանց պետք է տանել այդպիսի վայրեր»:
Իսկ առհասարակ հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին տանել ստեղծագործական խմբակների, որտեղ նրանք հնարավորություն կունենան զարկ տալ իրենց երևակայությանը, լինել ակտիվ, նաև բնության հետ սերտ. «Շատ լավ է, երբ մանկական խմբակը ունի բակ, այգի, որտեղ երեխաները կարող են վազել, ակտիվ խաղեր խաղալ: Չի կարելի երեխաների փակել ինչ-որ փակ տարածությունում և ժամ առ ժամ կազմակերպել նրանց գործողությունը: Ցանկալի է, որ երեխաները հնարավորինս առնչվեն իրական կյանքի տարբեր իրավիճակների հետ »:
Խմբակում առկա խաղալիքները ևս կարևոր նշանակություն ունեն երեխայի զարգացման հարցում: Հոգեբանի խոսքով՝ ցանկալի չէ երեխաներին տանել այնպիսի խմբակների, որտեղ չափից շատ են խաղալիքները: Դրանք չեն զարգացնում երեխային, ընդհակառակը՝ շեղում են երեխայի ուշադրությունը, խաթարում երեխայի մտածողությունը, երևակայությունը. «Երեխաները վերցնում են խաղալիքները, խաղում և դնում իրենց տեղը: Դրանք ընդամենը շեղում են նրանց ուշադրությունը: Իսկ եթե նրանք խաղում են տիկնիկով, որի համար իրենք պետք է հագուստներ պատրաստեն, լավ է, սակայն վատ խաղալիք է այն, երբ ընդամենը պետք է փոխեն տարբեր հագուստներ»,-նշում է Անուշ Ալեքսանյանը: Նա նաև հավելում է ՝ սովորաբար մասնագետները պիտի մասնագիտացված լինեն կոնկրետ տարիքային խմբերի հետ աշխատելու ուղղությամբ, պետք է տարբերակվեն նախադպրոցական երեխաների, դպրոցական երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետները:
Նազենի Բաղդասարյան
Կարդացեք նաև