Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պալիատիվ խնամքի ռումինացի մասնագետ. «Ծանր հիվանդն ուզում է մահանալ կոմֆորտի մեջ` ընկերներով շրջապատված» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 17:51

Paliativ-1

«Ի՞նչ են ցանկանում մահացու հիվանդ եւ կյանքի վերջին փուլում գտնվող հիվանդները` մահանալ կոմֆորտի մեջ` ընկերներով շրջապատված եւ իրենց տանը:

Մենք այդ հիվանդներին առաջարկում ենք ամբողջական խնամք: Ոչ միայն հիվանդին ենք բուժում այլ նաեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրում»,-այսօր, Պալիատիվ խնամքի եւ հոսպիսի համաշխարհային օրվա առիթով, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված Հայաստանի երկրորդ բուժքույրական միջազգային համագումարի ժամանակ ասաց պալիատիվ խնամքի մեջ մասնագիտացած Նիկոլետա Միտրեան`Ռումինիայից:
Պալիատիվ՝ ամոքիչ բուժօգնության նպատակն է բարելավել հիվանդի կյանքի որակը, նրա կյանքի վերջին փուլում: Անբուժելի հիվանդի կյանքի վերջին ամիսները, օրերը առանց ցավի, տառապանքի անցկացնելու համար մեր երկրում էլ ներդրվում է ամոքիչ բուժօգնությունը: Այդ հիվանդները հիմնականում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնք նաեւ սոցիալական-հոգեբանական աջակցության կարիք ունեն:

Տիկին Միտրեան այդ գործով արդեն 15 տարի զբաղվում է եւ ողջունում է հայերի` այն մոտեցումը, որ մեծ պատրաստակամությամբ խնամում են հարազատին, երբ նա ծանր հիվանդ է լինում, սակայն տիկին Նիկոլետան գտնում է, որ այդպիսի հիվանդներին մասնագիտացված ծառայություն է հարկավոր, որը կաշխատի ոչ միայն հիվանդի ցավերը թեթեւացնել, այլ նաեւ ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերել. «Ռումինիայում մարդիկ արտագաղթում են եվրոպական երկրներ աշխատելու, եւ երկրում մնացած տարեցները, խնամքի կարիք ունեցող մարդիկ իրենց մոտ երեխաներ, զարմիկներ չունեն որ նրանց խնամեն: Այդ պատճառով կան  եւ շատանում են խնամքի կենտրոնները: Այսինքն`  հասարակությունը զգում է պատասխանատվություն նրանց համար»:

Ըստ նրա, ցանկալի է, որ այդ ծառայությունը մոտեցվի ընտանիքին. «Ես էլ չէի ուզենա, որ ինձ խնամեն ինտերնատում: Մենք ուզում ենք մեր բարձին, մեր մահճակալին պառկենք, մեր զուգարանը մոտիկ լինի, մի խոսքով մեր օրգանիզմը մենք կառավարենք»:
Ըստ Նիկոլետա Միտրեայի, պալիատիվ խնամքը չի ընդունում էվթանազիան, այսինքն` անբուժելի հիվանդություն ունեցող մարդուն՝ ցավերից ազատելու համար, կյանքից զրկելը:

Պալիատիվ բուժօգնության մասնագետ Նարինե Մովսիսյանի խոսքերով, ինչքան էլ կարդաս, սովորես, միեւնույն է` մինչեւ հիվանդին մաշկով չզգաս, չես կարող ասել ինչ պետք է արվի: Ըստ նրա, պետք է մարդը բավականաչափ պատրաստ լինի` գիտակցությամբ, սրտով, մտքով, որպեսզի կարողանա այդպիսի ծառայություն մատուցել. «Մեր գործն է բուժել, կյանքը երկարացնել եւ մեղմել հիվանդի տառապանքը: Մենք պետք է խնամենք այնպես` ինչպես որ մեզ կուզենայինք խնամեին»:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանի խոսքերով, չգիտես ինչու, մեր երկրում կարծրատիպ է, որ ծանր հիվանդություններին ցավը պարտադիր զուգորդող երեւույթ է: Ըստ նրա, մեզ մոտ կարծրատիպեր ունեն նաեւ թմրամիջոցներով բուժման առնչությամբ: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Ի թիվս այլ կառույցների, Հայաստանի երկրորդ բուժքույրական միջազգային համագումարի կազմակերպմանն աջակցել է  նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30