«Ամեն դեպքում գործի փաստերը այնպիսին էին, որ ինչ էլ որոշման մեջ գրված լինի, որոշումն անհիմն է: Տանելու ենք վճռաբեկ բողոք»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմանը «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը: Տեղեկացնենք, որ այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը որոշեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2013 թվականի թիվ ԱՐԱԴ 0049/02/12 քաղաքացիական գործով վճիռը թողել նույնը:
Հիշեցնենք, որ «Սափեյան եղբայրներ» ընկերությունը Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ճանապարհին, Կաթնաղբյուր համայնքի տարածքում գործող, իրեն պատկանող գազալցակայանի հետ կապված խնդիրներ ունի: Մասնավորապես, Չափագրության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Սուրեն Վարդանյանը եկել է այն եզրակացության, որ այդ պայմաններում, եթե նույնիսկ դրված չլիներ 4-րդ պտուտակը, այն չէր կարող գազի հաշվարկի ստուգաչափության վրա որեւէ ազդեցություն ունենալ, այնուամենայնիվ պահանջել են, որ 72.887 խմ ծավալի վերահաշվարկված գազի արժեքի դիմաց վճարի 7 մլն 196 հազար 406 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, չհամաձայնելով այս որոշմանը, հայց էր ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի:
Aravot.am-ի հետ զրույցում Վահե Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրենք մեկամսյա ժամկետում` մինչև հոկտեմբերի 19-ը, կներկայացնեն վճռաբեկ բողոք:
«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ –ի տնօրեն, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանից հետաքրքրվեցինք` գործում քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ է (եղբայրները պարբերաբար հետապնդվում են մարտի 1-ից հետո), նա պատասխանեց. « Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում: Չէի էլ ուզենա, որ նշեն այդ հանգամանքը: Դիմելու եմ Վճռաբեկ դատարան, ՀՀ-ում բոլոր իրավապահ մարմիններին, ովքեր ի զորու են քննելու այս անարդար գործը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ