Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյան.«Կամ ես անմեղ եմ, կամ անմեղսունակ» (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 17:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալ, մասնագիտությամբ սալիկագործ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը, եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը՝ Սամվել Հարությունյանն ու նրա ընկերը՝ Խաչիկ Պողոսյանն ուղղակի դիտավորություն չեն ունեցել սպանել Պարույր Հայրիկյանին, ուղղակի դիտավորությունը վախեցնելն էր, Սեդրակյանից իրենց կատարած աշխատանքների համար չտրված գումարը ստանալու համար:

Ըստ պաշտպանի, այն, որ նրանք հետեւել են Պարույր Հայրիկյանին, չի նշանակել, թե նրան սպանելու նպատակով են հետեւել, այլ վախեցնելու: Պաշտպանն անգամ հարցրեց. «Միգուցե Հայրիկյանի կյանքը փրկելո՞ւ համար են հետեւել»:

Գայանե Գալոյանը Պողոսյանի՝ Հայրիկյանին դեպքի վայրում լռեցնելու հորդորն էլ՝ «սուս մնա», ընկալել էր այսպես. «դրանով նա Հայրիկյանին զգուշացրել է»:

Ըստ պաշտպանական կողմի, տուժող Պարույր Հայրիկյանի ընկալումը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Գայանե Գալոյանն ասաց, որ Հայրիկյանի ընկալմամբ, նրա վրա կրակողը եղել է սլավոնական արտաքինով, 30 տարեկանին մոտ, բարձրահասակ՝ 1 մ 70 սմ, որպիսին կերազեր ամբաստանյալ Պողոսյանը, սակայն մի դեպքում նախաքննության մարմինը հավատացել է ամբաստանյալին, որ իրենք նախապատրաստվել են, մի դեպքում չի հավատում, թե նրանք մտադիր չեն եղել սպանել Հայրիկյանին:

Պաշտպանը պահանջեց, որպեսզի վերաորակվի Սամվել Հարությունյանի արարքը:

«Հարգելի դատարան, թող ինձ ներեն ամբաստանյալները, ասեմ, որ նրանք ցածր խավի անձինք են, իրենց օրվա հացը հազիվ վաստակող, ու գումարի համար կգնային վախեցնելու քայլին, ինքնակամ, քանի որ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել, որ Վարդան Սեդրակյանն է նրանց պատվիրել»,-ասաց Գ. Գալոյանը:

Վարդան Սեդրակյանն ասաց, որ 7 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ՝ ԱՆ «Երեւան-Կենտրոնում», իր բառերով՝ ԿԳԲ-ի պադվալում: Մյուս երկու ամբաստանյալներին, որոնք փետրվարից գտնվում են մեկուսարանում, թույլատրվել է տեսակցել ընտանիքի անդամների հետ, զանգել նրանց, իրեն թույլ չեն տվել:

Նա ասաց, որ անձնապես չի ճանաչել Պարույր Հայրիկյանին, իսկ չճանաչելով պատվիրել նրա սպանությունը, դա նշանակում է, որ ինքն առնվազն անմեղսունակ է, իսկ անմեղսունակին չեն դատում:

Նախապես ներողություն խնդրելով, նա հիշեց Մոսկվայում 18 մարդու կյանք խլած հայ վարորդին /վթարի հետեւանքով/:

Նա ասաց, որ Հարությունյանի հարազատները դեսպանատան մոտ պիկետ են անում, բողոքում, որ կալանավորել են, իսկ ինքը, որը որեւէ մեկի կյանքը չի խլել, թույլ չեն տալիս զանգել անգամ կնոջը. «Ում եմ սպանել, քանի հոգու, ում քարոզարշավն եմ խանգարել, որ չեք թողնում զանգել կնոջս»:

Նա ասաց, որ Խաչատուր Պողոսյանի զոքանչն է ասել, թե Սեդրակյանից ամեն ինչ սպասելի էր: Վարդան Սեդրակյանը զարմացած հարցրեց, իսկ ինչու իր զոքանչը, կամ Խաչատուրի կինը, Սամվելի մայրը այս գործով չեն դատակոչվել դատարան:

Վարդան Սեդրակյանի կարծիքով՝ իրեն 12 տարվա ազատազրկման դատապարտելը կլինի անարդարության վերջին ճիչը, նա արդարացում էր պահանջում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30