Սեպտեմբերի 3-ն, անշուշտ, հսկայական նյութ տվեց մեկնաբանությունների, քննարկումների և վերլուծությունների համար: Այն դարձավ յուրատեսակ բանավեճի հարթակ մի կողմից՝ ռուսական կողմնորոշվածության երդվյալ ջատագովների, մյուս կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի լծից փրկել ցանկացող և երկիրը դեպի քաղաքակրթված Եվրոպա տանողների, երրորդ կողմից էլ՝ պետական շահը ցանկացած ինտեգրացիոն գործընթացներից, կողմնորոշվածություններից ու նման այլ երևույթներից գերադասողների համար:
Առաջին օրերին՝ քաղաքական այրերի, կուսակցական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների մեկնաբանությունների ու հոդվածների ընդհանուր տարափի ներքո, լուսանցքում մնացին մի քանի սրտառուչ դրվագներ սոցցանցերում ծավալված «ստատուսագաղափարական» ճակատամարտերից, որոնցից առնվազն երկուսին արժե ուշադրություն դարձնել, չէ որ դրանք, ի վերջո, արտահայտում են մեր հասարակության ակտիվ անդամների արձագանքը վերոնշյալ գործընթացներին:
Առաջինը՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն պես մեր երկիրը լցվելու էր համասեռամոլներով, մանկապիղծներով ու թմրամոլներով: Ամենուրեք քարոզվելու էր ինցեստ ու այլասերվածություն, իսկ օրենքը միանգամայն պաշտպանելու էր նրանց հասարակության ցասումից ու մարդկային դատաստանից: Կարելի է կարծել, թե հիմա երկրում չկան այլասերվածներ ու թմրամոլներ, տրանսվիստիտներով լցված մանկական զբոսայգին էլ մեր քաղաքի հենց սրտում չէ, մանկապիղծներին ու բռնաբարողներին էլ մենք՝ Հանրապետության հրապարակում, բոլորի աչքի առաջ, քարկոծելով ենք դատաստան անում: Դե իսկ Մաքսային միության երկրներում բոլորն ապրում են իսկական քրիստոնյային վայել կյանքով՝ ամեն շաբաթ-կիրակի եկեղեցի են գնում, աղոթում, պաս են պահում և այլն, և այլն:
Երկրորդը՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը տարածվում էր և ստորագրվելու դեպքում գործողության մեջ էր մտնելու միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, իսկ Արցախը դուրս էր մնալու այդ գործընթացներից ու մնալու էր օդից առկախված:
Կարդացեք նաև
Իսկ ինչ է՝ Մաքսային միությունն ընդգրկելու է նաև Ղարաբաղը: Կարծեմ Մաքսային միության անդամ ոչ մի երկիր՝ առավել ևս Ռուսաստանը, պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ անկախությունը և ոչ էլ մաս է ճանաչել Հայաստանի Հանրապետությանը: Իսկ Մաքսային միություն մտնելուց հետո, Ղարաբաղյան հարցը ու Ղարաբաղն՝ ինքնին, որևէ կոնկրետ լուծում ու հստակ կարգավիճակ ստանալու է արդյոք, թե Ռուսաստանը չի շարունակելու այն՝ որպես դաստիարակչական մահակ, պահել իր դիվանագիտական զինանոցում՝ Հայաստանի հնարավոր հետագա չարաճճիություններն ու սիրախաղերը սանձելու համար:
Այստեղ բոլորովին էլ էական չէ, թե որ միությունն է մեզ համար ավելի ձեռնտու, ավելի նպաստավոր, և, թե որ աշխարհաքաղաքական միավորին ինտեգրվելով, մենք կարող ենք, ի վերջո, առավելագույնս հետապնդել ու պաշտպանել մեր քաղաքական ու տնտեսական շահերը: Սա, դեռևս, խիստ վիճելի հարց է ու միանգամայն այլ քննարկման թեմա:
Ցավալին մեր հասարակության ակտիվ անդամները հանդիսացող շատ ու շատ քաղաքացիների այն մակերեսային ու անլուրջ վերաբերմունքն է, որ ունեն ընթացող գործընթացների հանդեպ: Այն մարդկանց, որոնց կարծիքն ու դիրքորոշումը վճռորոշ քարոզչական ազդեցություն են ունեցել շատ ու շատ այլ գործընթացներում՝ հատկապես քաղաքացիական նախաձեռնություններում: Այսքանը:
Ավագ ԴԱՎԹՅԱՆ